կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 14:55
Մշակույթ

Մենք ենք ու մեր ճահիճը, մտել մեջը` կռկռում ենք. Նիկոլայ Ծատուրյան

Մենք ենք ու մեր ճահիճը, մտել մեջը` կռկռում ենք. Նիկոլայ Ծատուրյան

Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ` թատերական գործիչները լրագրողների հետ խոսեցին թատրոնի ներկայիս վիճակի, խնդիրների ու անելիքների մասին:

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հավաստմամբ` իր մոտ ամեն օր էլ տոն է, և ժամանակն անցել է` «ուռա» գոռալու, քանի որ ամեն ներկայացում պետք է դերասանի համար տոն լինի:

«Տոնը, կարծում եմ, մնացել է վառ կոմունիստական անցյալից, քանի որ ես ամենօրյա կյանքն եմ սիրում ու նախընտրում գործ անել: Տոնի միակ լավ կողմն այն է, որ իրար գլխի ենք հավաքվում, չնայած, մյուս կողմից, թաղման ժամանակ էլ ենք իրար գլխի հավաքվում: Ինչևէ: Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել է թատերական կյանքը, և եթե, օրինակ, Գյումրու դրամատիկական թատրոնում /640 տեղանոց/ նախկինում 15-20 տեղ էր զբաղված լինում, հիմա արդեն` 400-500 մարդ է լինում: Չնայած Գյումրին այնքան է դատարկվում, որ շուտով գյուղ կդառնա»,- ասաց Ծատուրյանը` հավելելով, որ, փաստորեն, չնայած արտագաղթին ու օրեցօր դատարկվող Հայաստանին, թատրոն այցելող մարդկանց թիվը սկսել է ավելանալ:

Նրա կարծիքով`  երիտասարդներն էլ հիմա սկսել են լավ գործ անել` Նարինե Գրիգորյան, Զարուհի Անտոնյան, մարդիկ, ովքեր մեր ապագան են: Ծատուրյանի մեկնաբանմամբ` իրենք` իրենց սերունդը արդեն մեծ են, «եսիմ ինչեր» չեն կարող անել և պետք է արդեն երիտասարդներով զբաղվեն, նրանց համար ճանապարհ հարթեն:

«Իսկ երիտասարդներին պետք է պետությունը փող տա, որ գնան, դրսում սովորեն  ու վարակվեն նորով, թե չէ` մենք ենք ու մեր ճահիճը, մտել մեջը` կռկռում ենք: Սոս Սարգսյանն ասում էր. «Էս անտեր թատրոնը փող է սիրում»: Այո, եթե ներկայացման համար անհրաժեշտ գումար է ներդրվում, ստանում են այն, ինչ ուզում են, իսկ հակառակ դեպքում` իմիջիայլոց մի բան է լինում: Մենք մեր երևակայությունը փոքրացրել ենք` ըստ մեր ֆինանսների, ու այն լուցկու տուփի մեջ տեղավորել, ի՞նչ անենք»,-ասաց Ծատուրյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը, սակայն, նշեց, որ, ի տարբերություն Ծատուրյանի, Թատրոնի օրն, իրոք, տոն է իր համար, քանի որ այդ օրն իրեն դերասանուհի է զգում: «Այդ օրը տոն է, որը ես շատ եմ սիրում, ինձ լավ եմ զգում, դերասանուհի եմ զգում»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու` եթե թատրոնին տիրություն չանես, թատրոնը քո երեսը պարզ չի անի: «Մեր կապը ժողովրդի հետ դադարել է հոգևոր լինելուց, ավելին` ես թատրոնում միտում եմ տեսնում, որ արժանավորներին մի կողմ են դնում, իսկ «ոչինչ»-ին սարքում դեմք: Պոտենցիալ ուժերին ոչնչացնում են` իրենց ծանոթ, խնամի, բարեկամներին մեջտեղ բերելով: Հիմա բոլորը ռեժիսոր են դարձել, բոլորը ներկայացում են բեմադրում, ֆիլմեր նկարում, բայց այսպես չի լինի` մեր ժողովրդին որակյալ գործեր են պետք»,- ասաց Ստեփանյանը: 

Ըստ նրա` չարությունը շատ է ավելացել մարդկանց մեջ, մարդիկ էլ չեն էլ մրցակցում իրար հետ, ուղղակի ոչնչացնում են դիմացինին:

Դերասան Գագիկ Մադոյանի համար էլ այն օրերն են տոն, երբ բեմի վրա է, խաղում է, թե չէ` տոնը մեկ օր է` սկսվում է ու ավարտվում, իսկ թատրոնը մեկ օրվա բան չէ:

Ըստ նրա` թատերական կյանքում սերունդների խնդիր գրեթե չկա, քանի որ ասպարեզում բավական կարող երիտասարդ ուժեր կան: «Մեծերն էլ իրենց արժեքն ունեն, այնպես չէ, որ միայն երիտասարդներինն է այսօրը: Ես Սոս Սարգսյանի հետ էի աշխատում, և ուղղակի զարմանալ կարելի էր նրա` ժամանակակից մտածողության վրա: Մտածողությունը տարիքի հետ կապ չունի, արվեստը տարիք ու ժամանակ չունի: Բացի այդ` արվեստում հարաբերությունն էլ պետք է փոխզիջումային լինի»,- ասաց դերասանը: