կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 14:17
Հասարակություն

Եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև` սիրել իր ղեկավարությանը. Մերուժան Տեր-Գուլանյան

Եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև` սիրել իր ղեկավարությանը. Մերուժան Տեր-Գուլանյան

25 տարվա ընթացքում առաջին անգամ ունեցանք նման արդար ընտրություններ. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նա նախ տեղեկացրեց, որ իրենք ամբողջ գերդաստանով ՀՀԿ-ին են ընտրել, անգամ` Ջավախքից 93-ամյա հայրն է Հայաստան եկել, որպեսզի ՀՀԿ-ին ձայն տա:

Ըստ Տեր-Գուլանյանի` այժմ եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև` սիրել իր ղեկավարությանը: «ՀՀ-ում միայն երկու կուսակցություն կա` ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, մնացածներն ընտրությունից ընտրություն են ի հայտ գալիս: Ընտրությունների նման ելքը կանխորոշում էի, քանի որ ամեն ինչ դրան էր տանում` քարոզչական ընթացքը շատ արդար և հավասարաչափ էր բաշխված»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք Տեր-Գուլանյանը չի լսել այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր ընտրակաշառք են բաժանել, նա նախ պատասխանեց, թե առաջին անգամ լրագրողներից է լսում  այդ մասին, իսկ հետո հիշեց, որ ծանոթներից մեկը, այնուամենայնիվ, ասել էր, որ իրեն առաջարկել էին: «Բայց, միևնույն է, ես չեմ հավատում այդ լուրերին: Մարդիկ, լսել են ՀՀԿ-ի ծրագիրն ու ընտրել, ամեն ինչ բնական ընթացք է ունեցել: Ավելին` այսուհետ երկրում արտագաղթի տեմպերը կնվազեն` մարդիկ կսկսեն հետ գալ իրենց հայրենիք»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Yerkir.am-ի հարցին, թե հիշո՞ւմ է, արդյոք, իր` մշակութային ոլորտին առնչվող գոնե մեկ դրույթ, որի մասին խոսել է ՀՀԿ-ն, նա պատասխանեց, թե հիմա չի կարող հիշել: «Բայց ես հստակ հիշում եմ, որ Կարեն Կարապետյանն իր խոսքում մի քանի անգամ օգտագործել է մշակույթ բառը»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Yerkir.am-ի հետ զրույցում Տեր-Գուլանյանը նշել էր, որ կարևորն այս ընտրություններում ՀՀԿ-ի` բառի իսկական իմաստով հրաշալի հաղթանակն էր: