կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 18:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության մեծամասնությունը քաղաքական տրանսգենդերներ են, այլասերում են ժողովրդին․ Մերուժան Տեր-Գուլանյան

Այս իշխանության կազմի մեծամասնությունը քաղաքական տրանսգենդերներ են, այլասերում են ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեզուն, մեր ունեցածը․ Yerkir.am-ի հետ զրույցում ցավով ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։

Մտավորականը շեշտում է․ «Եթե Տիգրանաշենին ասում են՝ Քյարքի, այդ դեպքում Կիրովաբադին ինչո՞ւ չեն ասում Գանձակ․ հայկական քաղաք էր, մաքուր հայկական։ Մինչեւ 1918 թվականը Շուշիում թուրք չի եղել, կոտորածից հետո հայտնվեցին։ Հիմա Շուշին հանձնում են, որովհետեւ «տխուր» քաղաք է Շուշին։ Այս իշխանությունը պիտի օր առաջ փոխվի, Հայաստանի միակ փրկությունն է դա, բարի լինեն՝ հեռանան, գնան, գնացե՛ք, գնացե՛ք, ձեր երեսի ջրով գնացե՛ք, թողե՛ք գան մարդիկ, որոնք ասեն՝ ոչ՛, դա Ադրբեջանինը չէ, մերն է, եւ պատերազմ չի սկսվի»։

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ այս իշխանության առջեւ ծրագիր կա դրված՝ ջնջել հայկականը, ջնջել ազգայինը։

«Տխուր տեսարան բացվեց մեզ համար, ոչ միայն մտավորականությունն անտեսվեց, այլեւ հայոց պատմությունը՝ ընդհանրապես։ Եկավ այնպիսի մի իրավիճակ, երբ տպավորություն ստեղծվեց, որ Մաշտոցը մեղավոր է, որ տառեր է ստեղծել, ինչո՞ւ է ստեղծել, որ չստեղծեր, հիմա իրենք կստեղծեին։ Հարձակում ամեն հայկականի վրա՝ ինչ-որ հայկական է, ազգային է։ Մեր տեսակը փոխելու խնդիր է դրված, ծրագիր է դա, ոչինչ պատահական չէ»,- ասաց նա։

Հրապարակախոսի խոսքով՝  նախքան իշխանափոխությունը ամբողջ ծրագիրը կար, համապատասխան կետերը տրված էին այս մարդկանց։ «Նրանք անում են, և ամբողջ ազգը մեղավոր է, քանի որ այդ հնարավորությունը տվել եւ տալիս է նրանց։ Կարծես թե ամեն ինչ ասված է, բայց, միեւնույն է, հոգիդ հանգիստ չէ քնելուց առաջ, մտքերը հեղեղի պես գալիս են, եւ հանկարծ աչքի առաջ պատկերանում է մի բան՝ այս իշխանությունների մեծամասնությունը քաղաքական տրանսգենդերներ են՝ բառի իսկական իմաստով։ Այլ կերպ չի կարելի բացատրել, ի՞նչ է նշանակում՝ պարտությունը ներկայացնել հաղթանակ, կորուստները ներկայացնել նվաճում, էգ ոչխարը ներկայացնել որպես խոյ։ Իշխանավորներից շատերն այս գործով են այսօր զբաղված, եւ ժողովուրդը լուռ լսում է»,- նշեց նա։

Մերուժան Տեր-Գուլանյանը շեշտում է՝ քաղաքական վակուում է Հայաստանում, ընդդիմությունը հսկայական գործ ունի անելու, պիտի սկսի այսօրվանից, վաղը ուշ կլինի, եւս 6 ամիս՝ Հայաստանը անդառնալիորեն կկորցնի բաներ, որ այլեւս չենք կարող վերադարձնել։

«Հազարավոր տարիների ընթացքում, հազարավոր մահախուճապ սերունդներ կորցրեցին-վերականգնեցին մեր թագավորությունները, հսկայական Հայաստանից մնաց մի կտոր։ Խորհրդային Հայաստանի թողած ժառանգությունն անգամ չենք կարողանում պաշտպանել, այդ մի կտոր հողը մնաց մեզ, ու չենք կարողանում պաշտպանել։ Արյունը ջուր ենք սարքում ու․․․ Ի՞նչ է կատարվում մեզ հետ»,- ասաց նա, ապա ընդգծեց՝ Ռուսաստանը, Պարսկաստանը մեզ պաշտպանում են, մենք մեզ չենք պաշտպանում, այսպիսի ծիծաղելի վիճակում Հայաստանը երբեւիցե չի եղել։

«Մի փրկություն կա՝ ազատվել այս իշխանությունից։ Ով խոսում է ընդդեմ Ռուսաստանի, նա թուրքերի մարդ է, հարաբերությունը Ռուսաստանի հետ պիտի պահել եւ ազատվել այս իշխանությունից»,- եզրափակեց մտավորականը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան