կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 15:01
Հասարակություն

Ոստիկանությունն իրեն փայլուն պահեց, բացի առաջին օրվանից. Մերուժան Տեր-Գուլանյան

Ոստիկանությունն իրեն փայլուն պահեց, բացի առաջին օրվանից. Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող-հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույց անող երիտասարդների գործողություններին և այն հանգամանքին, որ արդեն 11 օր է`Բաղրամյան պողոտան փակ է:

«Ինչքան ես գիտեմ,  ռուսներն աուդիտ չեն անելու, անելու են միջազգային կազմակերպությունները: Նախագահն առաջարկել է աուդիտին մասնակցել նաև պայքարող երիտասարդներին: Այս օրերի ընթացքում դաժան էր հարևան պետությունների արձագանքը հայաստանյան դեպքերին: Թող իրենց «մայդանը» իրենց մեյդանում պահեն, գործ չունեն մեր ժողովրդի հետ: Մեր երիտասարդությունը փայլուն դրսևորեց իրեն»,- ասաց Տեր-Գուլանյանը:

Նա նշեց նաև, որ մտավախություն ունի, թե որոշ ուժեր կարող են երիտասարդների անկեղծ մղումը օգտագործել ուրիշ նպատակների համար: «Մի քանի «մարած քիրաջ» գործիչներ այս պայքարի, այս անմեղ մղումների վրա ուզում են երևալ»,- նշեց հրապարակախոսը:

Նրա կարծիքով` իրեն հրաշալի դրսևորեց նաև պետությունը: «Իշխանությունները ցուցարարներին ուզեցին արձագանքել և ընդունել: Բացի առաջին օրվանից, իրեն փայլուն պահեց նաև ոստիկանությունը: Մեր մեջ եղան մարդիկ, ովքեր սկսեցին ճոխ հարցազրույցներ տալ ադրբեջանական թերթերին: Մարդը ինչքան պիտի անկում ապրի իր հոգու մեջ, որ ադրբեջանական թերթին հարցազրույց տա` իմանալով, որ ադրբեջանական թերթը դա ներկայացնելու է իր օգտին: Մենք ապրում ենք ապակե տան մեջ, իսկ այնտեղ ապրողը քար նետելու իրավունք չունի»,- ընդգծեց Տեր-Գուլանյանը:

Նա նշեց նաև, որ իր համար առնվազն անընդունելի է այն, որ շատերն ասում են, թե ինչո՞ւ նախագահը մի խոսքով չի ասում, որ չեղարկվում է թանկացումը: «Սա միապետություն չէ, ոչ էլ Ալիևն է ու նրա վարչակարգը»,- ասաց բանախոսը:

Տեր-Գուլանյանը նաև դիմեց Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին. «Երեխե\'ք ջան, գնացեք տուն, սպասեք նախագահի ասածին: Եթե աուդիտից հետո  թանկանա հոսանքը, ես էլ կգամ, ձեզ հետ կնստեմ»: