Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ընտրությունների ընթացքի մասին, նշեց, որ երբևէ չի տեսել ոչ միայն Հայաստանի անկախության, այլև իր ամբողջ կյանքում նման քարոզչություն, ինչպես տեղի ունեցավ այս անգամ` շատ արդար: Ըստ նրա` բոլորին հնարավորություն տրվեց խոսելու և ասելու` ինչ ուզում են:
Տեր-Գուլանյանը նշեց, որ քարոզարշավի ժամանակ խոսքի` նման ազատությունն արդեն մեծագույն նվաճում էր: Ինչ վերաբերում է ձայների բաշխմանը, ապա, ըստ նրա, ընտրությունների այս արդյունքը, ըստ էության, ենթադրելի էր:
«Ես դատավոր չեմ, որ դատեմ, բայց կարծում եմ` ամեն ինչ նորմալ անցավ: Ես Հանրապետական կուսակցությանն եմ ձայն տվել` իմ ընտանիքով և ազգականներով, դա մեր ընտանիքում ավանդույթ է, չնայած ոչ մեկս կուսակցության անդամ չենք: Ինձ տարօրինակ թվաց, որ Դաշնակցությունն ավելի քիչ ձայն ստացավ, քան «Ելքը», չնայած ես գիտեի, որ «Ելքը» կանցնի խորհրդարան: Ինչևէ, կարևորը երկուսն էլ հաղթահարել են անցողիկ շեմը: Կարևորը ՀՀԿ-ի` բառի իսկական իմաստով հրաշալի հաղթանակն է»,- ասաց Տեր-Գուլանյանը:
Նա նշեց նաև, թե չի կարծում, որ խարդախություն է եղել, և առաջվա նման ընտրողների շուրջ պտտվել են: Հրապարակախոսը նշեց, որ լսել է` Ծառուկյանի կամ ՀՀԿ-ի կողմից ուզել են փող բաժանել, բայց չի հավատում: «Ես ինչքան ծանոթ ունեմ, ոչ մեկին գումար չեն առաջարկել, իսկ իմ շրջապատը, հավատացեք, շատ մեծ է»,- ասաց նա:
Ընտրություններից հետո, Տեր-Գուլանյանի հավաստմամբ, հրաշալի Հայաստանում ենք ապրելու, բացի այդ` կապրենք վարչապետական երկրում:
Հարցին` այսինքն` հույս կա՞, որ դեպի լավն ենք գնում, նա պատասխանեց .«Ես համոզված եմ, որ լավ է լինելու ամեն ինչ: Ես խայտառակ լավատես եմ, ես հավատում եմ վարչապետի ներուժին, նա սուտ խոստումներ չի տալիս, իսկ քարոզարշավի ժամանակ ասում էր այն, ինչ պետք է արվի, այսինքն` ինչպես ենք քայլ առ քայլ առաջ գնալու` հայի մեջ արթնացնելով նախաձեռնողին, հային թմբիրից հանելով: Ասում են` ինչո՞ւ մտավորականները քիչ են ցուցակներում, բայց ես կարծում եմ, որ մտավորականի տեղը խորհրդարանը չէ, այնտեղ քաղաքական գործիչներ պետք է լինեն»: