Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ կրկնել է, թե իրենց հաշվարկներով ԱԺ են անցնելու ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք»-ը: Ապա համոզմունք է հայտնել, թե «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո 95 տոկոսով ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: Մյուս կողմից սակայն նա հայտարարել է. «Մենք ասում ենք՝ եթե տեսնենք հնարավորություն, որ առանց Հանրապետականի հնարավոր է ձևավորել իշխանություն, այսինքն ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն, մենք այդ հնարավորությունը լրջորեն կքննարկենք»:
Եթե նկատի ունենանք, որ Փաշինյանն ԱԺ է «անցկացնում» ընդամենը երեք քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ին՝ «Ծառուկյան» դաշինքին, և բնականաբար, իրենց, ապա ակնհայտ է, որ կոալիցիա կազմելու ակնարկը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որի ղեկավարած դաշինքի հասցեին ընտրարշավի ընթացքում բացի հայհոյանքից գրեթե ամեն ինչ ասացին:
Սակայն անկախ դրանից՝ սա նշանակում է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ «Ելքը»-ը ուժի մեջ է պահում մի քանի օր առաջ «Հայկական ժամանակ» թերթի միջոցով շրջանառության մեջ դրված անուղակի առաջարկը, «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա ձևավորելու հնարավորության վերաբերյալ, ինչը քափ-քրտինքի մեջ հետո սկսեցին հերքել:
Փաշինյանը յուրատեսակ շանտաժի է ենթարկում Ծառուկյանին՝ նրան փորձելով դնել երկընտրանքի առջև: Իմաստը հետևյալն է: Եթե Ծառուկյանը նախընտրում է ՀՀԿ-ի հետ որևէ ֆորմատով գործակցությունը, ապա ապացուցում է, որ «Ելք»-ը ճիշտ էր իր որակումներում: Այդ դեպքում Ծառուկյանը հանդես է գալիս նաև որպես խոստմնազանց, քանի որ քարոզարշավի կեսից, մեծամասամբ հենց «Ելք»-ի մեղադրանքներին ի պատասխան, նրա թիմակիցները պնդում էին, թե ՀՀԿ-ի հետ որևէ պարագայում գործակցության ձևաչափի մեջ չեն մտնի:
Այսինքն «Ելքը» ուզում է Ծառուկյանի համար փակել այս ճանապարհը՝ այն մատուցելով որպես վարկաբեկման տարբերակ: Երկրորդ ընտրությունը կոալիցիա կազմելով` ՀՀԿ-ին փոքրամասնություն դարձնելու և իշխանությունից զրկելու իրենց առաջարկն ընդունելն է: Փաշինյանն այս ուղին մատուցում է որպես Ծառուկյանի «ինդուլգենցիա» կամ «մաքրման ճանապարհ»: Խնդիրն այն է, սակայն, որ եթե Ծառուկյանը տրվում է այս ճնշմանը, ապա նրանց տեսական կոալիցիայում «Ելք»-ը, միևնույն է, մնում է փոքրամասնություն:
Կոալիցիայում որոշումների կայացման հսկիչ փաթեթը մնալու է Ծառուկյանին, որի ռեյտինգն անհամեմատ բարձր է «Ելք»-ի ռեյտինգից: Եթե վերջինիս համար ընդունելի է այս տանդեմում «կրտսեր» եղբոր կարգավիճակում մնալը, ապա ստացվում է, որ նրա ամբողջ պայքարն ընդամենը այսքանի համար էր:
Որակական որևէ փոփոխություն բերելու, սեփական ծրագրերը լիարժեքորեն իրագործելու մեծ հնարավորություն «Ելք»-ն այդ դեպքում չի ունենալու, որովհետև «Ծառուկյան դաշինքից հիմա էլ հայտարարում են, թե որևէ այլ ուժի հետ որևէ համագործակցության ձևաչափ հնարավոր կլինի, եթե նրանք ընդունեն իրենց «15 կետի» ծրագրային հիմնադրույթները: Մյուս կողմից «Ծառուկյան» դաշինքին անելով այս առաջարկը՝ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում համագործակցել դաշինքում հանգրվանած՝ մինչև 2 ամիս առաջ գործող իշխանության ամենակարկառուն դեմքերից մեկի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ում որդին Ծառուկյան դաշինքի ցուցակով առաջադրված ռեյտինգային թեկնածու է: Մարդ, որը ստվերային մեծ դերակատարություն ունի դաշինքում, ում Փաշինյանը համարում էր օլիգարխ և ում ղեկավարած կառավարությանն անձամբ էր անխնա քննադատում ԱԺ ամբիոնից:
Այնպես, ինչպես ժամանակին Փաշինյանը վերաբերվում էր նույն «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ ռեյտինգային թեկնածուի՝ նախկին ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հարց է առաջանում՝ «Ելք»-ի կռիվը ՀՀԿ-ական անհատների՞ դեմ է, թե՞ համակարգի և նրա որակի: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ եթե գործող իշխանության կարկառուն դեմքերը ևս ՀՀԿ-ից դուրս գան, ապա «Ելք»-ը նաև նրանց հետ համագործակցելու խնդիր չի տեսնելու: Փաստորեն «Ելք»-ականներն անընդունելի են համարում իշխանության մեծամասնության հետ իրենց կամ մյուսների համագործակցելը, բայց միանգամայն օրինաչափ են համարում համագործակցությունը իրենց բնորոշմամբ այդ նույն իշխանության «պյորեկտի», դրանում ներգրավված՝ նույն այդ իշխանությունը մարմնավորող անհատների հետ: Ո՞ր է այստեղ տրամաբանությունը:
«Ելք»-ը հավանաբար կարծում է, որ Ծառուկյանն այս շանտաժային մոտեցումից այնքան է ազդվելու, որ վերածվելու է իր ձեռքի խամաճիկը: Սակայն մոռանում են երկու բան: Նախ՝ Ծառուկյանը, համենայն դեպս ընդդիմադիր հատվածից իր նկատմամբ գործադրվող նմանատիպ մեթոդներին գրեթե չի տրվում: Մեկ անգամ արդեն նա դա ապացուցել է: 2015թ. հունվարին, ի հեճուկս իրեն «եռյակում» պահելու փորձ կատարող Տեր-Պետրոսյանի, նա միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու նպատակով ոչ իշխանական քաղաքական, հասարակական, քաղաքացիական շրջանակների մասնակցությամբ համաժողով հրավիրեց և գործնթացը տարավ այլ սցենարով: Թե ինչի դա հանգեցրեց, հարցի մի կողմն է:
Սակայն փաստ է, որ նա ՀԱԿ-ին և Տեր-Պետրոսյանին դրանով ցույց տվեց, որ իր համար նրանք իր շուրջը հավաքված գաճաճ քաղաքական ուժերից ոչնչնով չեն տարբերվում: Այս առումով Փաշինյանի հաշվարկներն ակնհայտորեն սխալ են: Երկրորդը, որ «Ելք»-ը մոռանում է, Ծառուկյանը ՀՀԿ-ի և ԵԼՔ-ի միջև երկընտրանքից բացի ունի նաև երրորդ, այլընտրանքային տարբերակ: Եթե առանց 50+1-ն ունենալու ստացած քվեների տոկոսային հարաբերակցությամբ «Ծառուկյան» դաշինքն առաջինը կամ երրորդը լինի, ապա կարող է ընդամենը սպասել ընտրությունների երկրորդ փուլին:
Այդ դեպքում խորհրդարան անցած մնացած ուժերը, այդ թվում, անցնելու դեպքում նաև «Ելք»-ը, կկանգնեն երկընտրանքի առջև. խաղա՞լ Ծառուկյանի կանոններով ու նրան պաշտպանել, թե՞ բավարարվել ստացածով: Այնպես որ «Ելք»-ը ճիշտ կաներ մտածեր՝ իսկ արժե՞ր ժամանակից շուտ, դեռ ջուրը չտեսած, այսպես բոբիկանալ:
Գևորգ Դարբինյան