Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» դաշինքից Երևանի ավագանու թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մանե Թանդիլյանը լրագրողներին ներկայացրեցին իրենց ծրագրային դրույթները, այնուհետև, դիմելով ընտրողներին, նրանց հորդորեցին տեր լինել իրենց ձայնին և անպայման գնալ ընտրություններին:
Ի թիվս այլ ծրագրերի, Թանդիլյանը կարևորեց «Հասանելի և մատչելի Երևան» դրույթը: «Ավագանու մեր թեկնածուների թվում ունենք մեկին, ով հստակ է պատկերացնում, թե ինչ խնդիրների կարող են առնչվել հաշմանդամություն ունեցող մարդիկ»,- ասաց նա: Թանդիլյանի խոսքով՝ իրենց ցուցակում ընդգրկված են մասնագետներ, և թիմը պատկառելի է:
Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում անցկացված սոցիոլոգիական հարցումների և արձանագրված արդյունքների մասին՝ Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցումները կողմնակալ են և չեն ներկայացնում իրական թվեր:
Նույն քաղաքական ուժը ներկայացնող Արայիկ Հարությունյանն էլ շեշտեց, որ «Ելք»-ի ծրագրային դրույթների առաջնահերթությունները երեքն են` հաշվետվողականություն, արդյունավետ կառավարում և համաչափ զարգացում:
«Մենք ձգտել են մաքսիմալ իրատեսական ծրագիր ներկայացնել, որը հնարավորինս քիչ է պարունակում պոպուլիզմի տարրեր»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով. ««Ելք»-ը հստակ այլընտրանք է գործող ռեժիմին` ՀՀԿ-ին»:
Անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Ստելլա Աղաջանյանի պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին օգնելու համար է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, այլապես կբավարարվեր` միայն ԱԺ ընտրություններին մասնակցելով, երկու բանախոսներն էլ անհիմն համարեցին դրանք: «Պատճառահետևանքային կապ չկա Աղաջանյանի ասածների մեջ և որևէ քաղաքագիտական քննադատության չի դիմանում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ նա այդ միտքը չէր արտահայտում, երբ բանավեճի էր ինձ հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: