կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 04:02
Հասարակություն

Օգնության ակնկալիք "առյուծասեր" Գագիկ Ծառուկյանից

Օգնության ակնկալիք "առյուծասեր" Գագիկ Ծառուկյանից

Չունենալով համապատասխան պայմաններ` արդեն 18 տարի Հրազդան քաղաքի ծայրամասում` 2000 քմ տարածքում գործող կենդանաբանական այգին աջակցության կարիք ունի:

«Այգում կենդանիների համար համապատասխան պայմաններ չկան, եւ դժվարությամբ է լուծվում նրանց կերի խնդիրը»,- ասաց կենդանաբանական այգու հիմնադիր տնօրեն Արմենակ Ավետիսյանը՝ նշելով, որ այդ իսկ պատճառով այս ձմռանը սատկել են կենդանաբանական այգու ծովախոզուկները, կենդանիների մի մասն էլ ձմեռել է տնօրենի տանը:

Ներկայումս Հրազդանի կենդանաբանական այգում ավելի քան 20 տեսակի կենդանի կա` 40 գլխաքանակով, այդ թվում` առյուծ եւ կովկասյան գորշ արջ:

«Մեր միակ խնդիրն այն է, որ կենդանիներն այսօր խնամքի կարիք ունեն, իսկ այգու տարածքը պետք է բարեկարգվի: Հարկավոր է կառուցել նաեւ ձմեռանոց»,- նշեց տնօրենը, որի համար կենդանաբանական այգին հոբբի է, այլ ոչ թե եկամտի աղբյուր: Նա պնդում էր, որ եթե ամսական 1 մլն դրամ ունենա, կզարգացնի այգին, կենդանիներն էլ կուշտ կլինեն:

«Երկիր»-ի հարցին, թե արդյոք դիմե՞լ են ԲՀԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին օգնություն ստանալու ակնկալիքով, Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Այո, դիմել եմ, սակայն որեւիցե արձագանք դեռ չեմ ստացել: Այս շաբաթ որոշել եմ դարձյալ դիմել նրան»:

Երեւանի կենդանաբանական այգու հետ համագործակցության մասին Հրազդանի կենդանաբանական այգու տնօրենը հայտնեց, որ նախկին տնօրենը՝ Սահակ Աբովյանը, առաջարկել էր, որպեսզի Հրազդանի կենդանաբանական այգին դառնա Երեւանի կենդանաբանական այգու դուստր ընկերությունը, սակայն հարցը մնացել է օդում կախված: