կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 14:30
Քաղաքական

Լյուդմիլա Սարգսյանը հույսը դեռ չի կտրել Ծառուկյանից

Լյուդմիլա Սարգսյանը հույսը դեռ չի կտրել Ծառուկյանից

Արդեն հայտնել ենք, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է համագործակցել ՎՍՀԴԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի և ՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանի հետ:

Yerkir.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ քաղաքականությամբ կարելի է զբաղվել ոչ միայն ԱԺ-ում, այլև շատ ու շատ հարթակներում: «Մեր երկրի խնդիրները լուծվա՞ծ են: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք մնում են մեր կյանքի բաղկացուցիչ մասը, և այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն, դրա համար բոլորս քաղաքականության մեջ ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի վերջնական համարել այն, որ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը չի կայացել:

Ճշտող հարցին՝ դեռ հնարավո՞ր եք համարում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը, Սարգսյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում»:

Պատգամավորից հետաքրքվեցինք՝ եթե այնպես ստացվի, որ Ծառուկյանի հետ համագործակցությունը չկայանա, ՀԱԿ-ի հետ կրկին համագործակցելու հնարավորություն տեսնո՞ւմ է: Նա պատասխանեց, որ լավ կլինի «եթե»-ներով չառաջնորդվել: «Երբ կլինի կոնկրետ իրավիճակ, այն ժամանակ կմտածեմ, թե այդ իրավիճակում ինչպես եմ գործելու և ում հետ եմ համագործակցելու»,- ասաց Սարգսյանը:

Հարցին՝ եթե ոչ` խորհրդարանում, ապա որտե՞ղ Ձեզ կտեսնենք քաղաքականությամբ զբաղվելիս, պատասխանեց. «Մինչև 2012 թվականը ես որտե՞ղ էի, ընդդիմադիր դաշտում, կուսակցության ղեկավար էի և պայքար էի տանում մեր երկրում գոյություն ունեցող խնդիրների դեմ՝ վերհանելով խնդիրները, լուծումներ առաջարկելով, տարբեր շարժումների աջակցելով և այլն: ԱԺ-ն հարթակ է, ամբիոն է, որը դու կարողանում ես օգտագործել քաղաքական մտքերդ արտահայտելու համար, բայց չէ՞ որ միայն ԱԺ ամբիոնը չէ, որ հնարավորություն է տալիս զբաղվել քաղաքականությամբ: Այնտեղ պարզապես ավելի մեծ լծակներ ունես՝ այս կամ այն որոշման վրա ազդելու: Իսկ ԱԺ-ից դուրս քաղաքականությունը նաև փողոցում է, մեր բակերում, քաղաքներում, մարզերում»:

Սարգսյանը նշեց նաև, որ կյանքը շարունակվում է, և ողբերգություն չէ խորհրդարանում չհայտնվելը: «Ողբերգություն չի լինի, եթե մեզանից շատերը չլինեն ԱԺ-ում: Խորհրդարանում գտնվելը ցանկալի է, ես բավականաչափ փորձ ունեմ, որպեսզի ԱԺ-ում գործեմ և կարող եմ շատ ավելի լուրջ դերակատարություն ստանձնել և շատ լուրջ խնդիրներում իմ մասնակցությունն ունենալ: Առաջին գումարումն ավելի շատ ուսուցողական է: Երկրորդ գումարման պատգամավորն արդեն պատրաստված պատգամավոր է, ով գիտի ինչպես հասնել այս կամ այն խնդրի լուծմանը: Ինձ համար իսկապես ցանկալի է ԱԺ-ում լինելը»,- ասաց նա:

Ի դեպ, Սարգսյանը նաև նշեց, որ ՍԴՀԿ-ի համագործակցությունը «Ծառուկյան դաշինք»-ի հետ իրեն խանգարել է: «Ամենասկզբի էտապում, այո, ինձ ինչ-որ տեղ խանգարեց»,- խոստովանեց նա: