Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները հարցեր ուղղեցին Կոտայքի մարզի նորանշանակ մարզպետ Կարո Գուլոյանին, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է: Նա նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ մարզի բոլոր խնդիրներին, սակայն վստահ է, որ գլուխ կհանի դրանցից: «Դեռ պտտվում եմ գյուղերով, համայնքներով»,- ասաց մարզպետը:
Առաջնային լուծման խնդիրներից նա նշեց դպրոցաշինությունը, ճանապարհների նորոգումը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց ինքը ընտրվեց մարզպետ, Գուլոյանը պատասխանեց. «Դա ինձ չպետք է հարցնեք: Երևի լավ եմ աշխատել, դրա համար, էլի»:
«Իսկ Ծառուկյանի պարագա՞ն»,- հարցրեցին լրագրողները: «Իսկ որևէ տեղ լսե՞լ եք, որ կա նման պարագա, եթե լսել եք, սխալ եք լսել: Ես չեմ հրաժարվում, որ Ծառուկյանի փեսան եմ, բայց դա դեր չի խաղացել»,- ասաց Գուլոյանը:
Հարցին, թե ի՞նչ էր զգում այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանի դեմ արշավ էր սկսվել, պատասխանեց. «Ոչ մի քաղաքական հարց ինձ չտաք, ես ապաքաղաքականացված եմ»:
Հարցին, թե ո՞ւմ է աջակցելու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, Աբովյանի նախկին քաղաքապետը պատասխանեց, որ նախընտրում է Վահագն Գևորգյանի թեկնածությունը, որովհետև կարծում է, որ նա կկարողանա այդ լուծը տանել:
Հարցին, թե պաշտպանում է այդ թեկնածուին, որովհետև նա Ծառուկյանի նախընտրածն է ու օգնակա՞նը, պատասխանեց. «Իսկ որտե՞ղ է գրված, որ նա Ծառուկյանի նախընտրածն է, նա երբեք չի եղել Ծառուկյանի օգնականը, և հետո` Ծառուկյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, ուղղակի Ծառուկյանը` որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր, իր դիրքորոշումն է հայտնել` այդ թեկնածուի հետ կապված»:
Իսկ Գուլոյանը համաձա՞յն է այն տեսակետին, որ ամբողջ Կոտայքի մարզը տվել են Ծառուկյանին, մարզպետը պատասխանեց. «Այդ ի՞նչ հարց եք տալիս, ի՞նչ է նշանակում` Կոտայքի մարզը Հայաստանից անջատվա՞ծ է»:
Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իր գործընկերոջ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված աղմկոտ պատմությունների մասին, պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, թողեք, թող գործը վերջացնեն, դրանից հետո բոլորս էլ կարծիք կհայտնենք»:
Որպեսզի կանխի հետագա հարցերը Գագիկ Ծառուկյանի մասին, Գուլոյանը ևս մեկ անգամ նշեց. «Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում»: Լրագրողների դիտարկմանը, որ, առհասարակ, Ծառուկյանն իրավունք չունի չզբաղվելու քաղաքականությամբ, որովհետև ԱԺ պատգամավոր է, նա պատասխանեց. «Իսկ գիտե՞ք, որ նրա սահմանադրական իրավունքն է` որոշել` ինչով զբաղվել և ինչով չզբաղվել»:
Լրագրողների դիտարկմանը, որ անգամ իր խոսելու ոճն է նման Ծառուկյանի խոսելու ոճին, պատասխանեց. «Ոչ, չեմ նկատել»: