կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-09 11:58
Տնտեսական

Հանձնարարական փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ

Հանձնարարական փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ: Վարչապետի խոսքերով՝ կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը` քայլեր պետք է կատարվեն` խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, և ներգրավել ցածր դրույքաչափով վարկային միջոցներ:

Սակայն, ըստ Կարեն Կարապետյանի, օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա:

Այդ խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ: Երկրորդ՝ վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության` 2011 թվական հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Երրորդ՝ համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, հստակեցնել գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Չորրորդ՝ համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հինգերորդ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում, համագործակցելով գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար, երկրորդ՝ ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վեր հանել առկա խնդիրները, ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով, հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավման ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները: