կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 11:11
Տնտեսական

Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ

Փոքր ՀԷԿ-երի համար կսահմանվեն տեխնիկական նոր պահանջներ

Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման  արդյունավետության վրա։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ անցած տարվա վերջին կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգով նախատեսվում է սահմանել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զգալի մասում տեղադրվել են չարտոնագրված, համեմատաբար էժան արքավորումներ։ Դրանք հիմնականում ներկրվել են Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Եվրոպական Միության երկրներից։ Այդ սարքավորումների կիրառման համար Հայաստանում չկան ազգային ստանդարտներ և տեխնիկական պահանջներ։

Փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջները ապահովելու հարցը ներկայումս գտնվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման դաշտում և քննարկվում է անդամ պետությունների հետ: ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովին առաջարկվել է տեխնիկական պահանջներ սահմանել նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող փոքր ՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումների նկատմամբ` միջազգային ստանդարտների ընդունմամբ:

-Ակնկալվում է, որ տեխնիկական կանոնակարգի ընդունմամբ հնարավոր կլինի միջնաժամկետ հեռանկարում հասնել փոքր ՀԷԿ-երի շահագործման բարելավմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։ Դրանով  զգալիորեն կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը, իսկ սպառողներին կմատակարարվի ավելի որակյալ էլեկտրական էներգիա՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցությամբ:

Հայեցակարգով նաև անհրաժեշտ է համարվում գործող փոքր ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի կետերում տեղադրել ջրաչափման առցանց ավտոմատ կառավարման համակարգեր։

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն