Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջրպետկոմի վերջին նախագահը՝ Կարեն Սարգսյանը, որը հիմա Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել, սպորտային լրագրող է, եթե փորձառություն ունեցող մարդ լիներ և ոլորտի գիտակ, նա շատ լավ պիտի հասկանար, որ ջամբարներում առաջին հերթին պետք էր ապահովել ջրի ապահովվածություն, հետո նոր ավելցուկը տրամադրվեր հիդրոէլեկտրակայաններին՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
Նա արձանագրեց, որ ոռոգման ոլորտի կառավարման բավականին լուրջ խնդիրներ ունենք։
«Առանձին ջրամբարներում հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով չհիմնավորված ջուր բաց թողեցին էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով՝ հույս ունենալով, որ հետագայում այդ բաց թողած ջրի փոխարեն հալոցքի արդյունքում կլցվեն ջրամբարները։ Սակայն դա տեղի չունեցավ։ Սա դարձյալ փորձի պակասն է ոլորտի որոշ պատասխանատուների մոտ․ որ փորձառու լինեին, հաստատ տարիների տխուր փորձը հաշվի առած կլինեին և կապահովեին ջրամբարների լցվածությունը, և եթե լիներ ջրի ավելցուկ, նոր կարելի էր դրանով շահագործել հիդրոէլեկտրակայանները»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Իշխանափոխությունից հետո Ջրպետկոմը 5 ղեկավար է փոխել․ Գառնիկ Պետրոսյանը սա շատ վատ է համարում, նրա համոզմամբ՝ սա կադրային ոչ ճիշտ քաղաքականության հետևանք է։
«Կառավարման խնդիր կա․ շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնել՝ սկսած կոմիտեի ամբողջ ղեկավար կազմից, վերջացրած՝ ջրօգտագործողների ընկերություններով, որտեղ էլի շատ-շատ դեպքերում ոչ մասնագետեր են ՋՕ-երի ղեկավարները, այն էլ՝ չեն էլ ընտրվում, թեև ընտրովի մարմիններ են, պարզապես նշանակվում են, այդ մասին գյուղացին տեղյակ էլ չէ։ Ստացվում է՝ պատահական մարդիկ վերևից ներքև տարբեր օղակներում նշանակվելով՝ ուղղակի չեն կարող ապահովել կայուն ջրամատակարարում և, առհասարակ, չեն կարող հասկանալ, պատկերացնել, թե ինչ է նշանակում՝ բույսին ժամանակին ջրով ապահովել, ինչ է նշանակում ջրի՝ երկարաժամկետ դադարեցում, երբեմն անհասկանալի մեկնաբանություններ են անում, որ՝ «պետք է յոլա գնաք, մինչև խնդիրը կարգավորվի»․ մարդը կարող է յոլա գնալ, մի քիչ զսպել հագուկապի, սննդի հարցերում, բայց բույսի մոտ չկա նման բան, բույսը եթե այսօր-վաղը ջուր է ուզում, նրան պետք է այդ ջրով ապահովես, դրա փոխարեն նրան մի շաբաթ հետո ջուրը տվեցիր, սկսում են արմատները մահանալ, հյուսվածքները մահանալ, կորցնում է կենսունակությունը և հնարավոր չէ վերականգնել»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Եթե մարդը մասնագետ չէ, իր գործին չի տիրապետում, ասաց նա, չի կարող արդյունավետ կառավարել և կլինի թափթփվածություն, կլինի անկազմակերպություն, կլինեն ջրի անարդյունավետ կորուստներ․ սա արդեն ծանր հետևանքների է հասցնում, որն ունենք այսօր։
Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը որոշել է այս ոլորտում բարեփոխումներ անել։
«Գնել Սանոսյանը մեկ ամիս էլ չկա, որ նշանակել է, և այդ կարճ ժամանակում կանգնել է կոտրած տաշտակի առջև․ երբ ջրամբարներում այսօր ջուր չկա՝ հրաշքներ գործել չի կարող, նրա աշխատանքի արդյունքը կերևա հաջորդ ոռոգման տարում»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Հաշվեքննիչ պալատը ՋՕ-երի ոլորտում պարբերաբար չարաշահումներ ու խոշոր գումարների յուրացումներ է բացահայտում։ Գառնիկ Պետրոսյանն ասաց՝ Ջրային կոմիտեն ժամանակին կռվախնձոր էր դարձել, թե որ գերատեսչության ենթակայության տակ պետք է լիներ, հետագայում տարան կառավարության աշխատակազմի ենթակայության տակ։
«Այս համակարգը կործանվել է, ամբողջը՝ պոմպայականները, խողովակաշարերը, որ խորհրդային տարիներին կառուցվել են, շարքից դուրս են եկել, ամբողջ ենթակառուցվածքները, կիսախողովակները, ամբողջը ավիրված է և ջրի աննկարագրելի կորուստներ են լինում»,-ասաց Գյուղնախարարի նախկին տեղակալը։
Սա այն դեպքում, որ սկսած 1990-ականներից գյուղատնտեսության ոչ մի ոլորտում այդքան ներդրումներ չեն արվել, որքան ոռոգման ջրամատակարարման ոլորտում․ միլիոնավոր դոլարների վարկեր, դրամաշնորհներ, բայց շատ քիչ բան է փոխվել դեպի լավը, և եթե այսօր ցանկացած գյուղ մտնենք՝ գյուղացու դժգոհությունը առաջին հերթին ոռոգման ջրամատակարարումից է։
Այս տարին չորային էր, արձանագրեց նա, երաշտ էր մայիսի կեսերից սկսած՝ շարունակաբար մինչև ամառվա վերջը, որովհետև երկարատև ժամանակահատվածում տեղումները գրեթե բացակայում էին։
«Խնդիրներ առաջացան նաև այն տարածքներում, որոնք ոռոգման ցանցի տակ են գտնվում։ Այստեղ էլ անբավարար ջրամատակարարման պատճառով բավական լուրջ խնդիրներ առաջացան, և ամռան ամիսներին բարձր ջերմային ռեժիմում, բնականաբար, լրացուցիչ ոռոգման կազմակերպման անհրաժեշտություն կար, որը ոչ միշտ էր հաջողվում։ Այս ամենը իր ազդեցությունը թողեց»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Գարնանային ժամանակահատվածում, երբ ջրամբարներում պետք է անհրաժեշտ պաշար կուտակվեր, ջուրը ՀԷԿ-երին անհիմն ուղղելու խնդիրն առաջացավ։
«Շատ հաճախ թվացյալ տպավորություն է առաջանում, որ կա որոշակի ձնածածկույթ և դա կարող է նպաստել, որ ջրամբարներում բավարար ջրապահովում ստեղծվի, բայց դա ոչ միշտ է հաջողվում, շատ հաճախ մենք ունեցել ենք շատ բարձր, հաստ ձյան ծածկույթ, բայց ջրամբարներում անհրաժեշտ ջուրը չի կուտակվել։ Սա դարձյալ կարևոր խնդիր է, որ ի սկզբանե՝ հենց վաղ գարնանից այստեղ պատշաճ մասնագիտական հսկողություն չիրականացվեց և չհիմնավորված կորուստներ գրանցվեցին»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Ջրամբարաշինությամբ այսօր շատ լուրջ պետք է զբաղվել, ահազանգեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը, որովհետև Թուրքիան այդ ջուրն ամբողջը տանում է արդեն։
«Ախուրյանի ջրամբարը գարնանից սկսած 100-120 միլիոնով պակաս էր արդեն, որովհետև սահմանամերձ հատվածներում Թուրքիան արդեն ջրամբարներ էր շահագործման հանձնել և այդ ամբողջ ջուրը վերցնում էր։ Հիմա պիտի լուրջ ներդրումներ կատարվի, առաջին հերթին պետք է այդ ջուրը պահել, ամբարել, կուտակել, որովհետև ամբողջ աշխարհում ոռոգման ջրի, քաղցրահամ ջրի պակաս կա»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։
Հայաստանում ամեն տարի շուրջ 8 միլիարդ խմ ջուր է գոյանում, և այս ծավալից բոլոր ուղղություններով ընդամենը 2 միլիարդն ենք օգտագործում, մնացածը դուրս է գալիս երկրից․ ջրամբարներն անհրաժեշտ են դա ավելի մեծ ծավալով երկրում պահելու համար, որպեսզի այս մեծ ռեսուրսը ձեռքի տակ ունենալով՝ գյուղացին չորացած առվի առջև չկանգնի։
Աննա Բալյան