կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-23 11:33
Քաղաքական

Բնապահպանական խնդիրների պատճառով կառավարությունը կսահմանափակի փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունը

Բնապահպանական խնդիրների պատճառով կառավարությունը կսահմանափակի փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվությունը

Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախարարի խոսքով` հարցը վերաբերում է փոքր ՀԷԿ-երին ներկայացվող որոշակի չափորոշիչներին: Վերջին տարիներին, փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

Վարչապետը հետաքրքրվեց` այս օրենքի ընդունումից հետո դեռ մնո՞ւմ են գետեր, որոնց վրա դեռ հնարավոր կլինի փոքր ՀԷԿ-եր կառուցել: Նախարարը պատասխանեց, որ գետեր մնում են, սակայն կա պարզաբանման անհրաժեշտություն` ՀԷԿ-երի կառուցումը գերազանցել է անհրաժեշտ ծավալը, փոքր ՀԷԿ-երի` նման ծավալի կառուցումը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ է առաջացրել, վնասել է նաև գետերի ջրի բնական հոսքին: Եվ հիմա կառավարությունը ուշադրություն է դարձնելու այլընտրանքային էներգետիկային, մասնավորապես` արևային էներգիայի ստացման հնարավորություններին:

Փաշինյանի խոսքով` գետեր կան, որոնց նայելիս աղետի տպավորություն ես ստանում: Բնապահպանության նախարարը հաստատեց, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման պատճառով ձկնուղիների վիճակը առանձնապես վատ է, ձկների բազմացումը վտանգված է, եթե ոչ` ոչնչացված: Փոքր ՀԷԿ-երին տրված է հանձնարարություն` վերանայել էկոլոգիական թողքի չափանիշներին համապատասխանությունը:

Փաշինյանը ցանկացավ ընդգծել, որ այս կարգավորումները չպետք է մեկնաբանվեն որպես որևէ մեկի տնտեսական գործունեությանն ուղղված խոչընդոտ, որովհետև խոսքը ռազմավարական նշանակության ռեսուրսի պահպանման մասին է, և փոխադարձ համագործակցության մթնոլորտում պետք է ներդաշնակ գործի թե' տնտեսվարողը, թե' բնապահպանական ռեսուրսի պահպանումը: