Համահայկական բնապահպանական ճակատը ահազանգում է` հերթական գետն է չորացել փոքր ՀԷԿ-երի պատճառով:
«Այս անգամ բիզնեսի զոհ է դարձել Եղեգիս գետը: Ահազանգը և լուսանկարը ստացել ենք Վայոց Ձորից՝ Արթուր Մելքոնյանից: Ըստ նրա` տեղի բնակիչները ասում են, որ այսպիսի վիճակ է ամեն տարի՝ ամռանը և աշնանը: Բավական չէ, որ ձկնուղի ընդհանրապես չկա, խողովակի մեջ վերցված է նաև գետի ամբողջ ջուրը:
Տեղացիների պնդմամբ` ՀԷԿ-ը Գետիկվանք գյուղի մոտակայքում է և պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Մենք պարզեցինք, որ դա ամենայն հավականությամբ «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «Բազենք» ՓԲԸ-ն:
Բնապահպանության նախարարություն դիմելն էլ արդեն չգիտենք իմաստ ունի, թե չէ, քանի որ նախորդ փորձերը ցույց են տալիս, որ ամենաշատը պիտի գնան մի 100 000 դրամ տուգանեն, կամ էլ ընդհանրապես կաշառք վերցնեն ու անցնեն առաջ..»,- գրված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության մեջ: