կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-06 13:05
Հասարակություն

Հայաստանցիների 42 տոկոսը բավարարված չէ իր կյանքով, 60 տոկոսն էլ իր նյութական ապահովվածությունը գնահատում է միջին

Հայաստանցիների 42 տոկոսը բավարարված չէ իր կյանքով, 60 տոկոսն էլ իր նյութական ապահովվածությունը գնահատում է միջին

Այսօր Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին ներկայացրեց վերջին հետազոտությունը` «Քաղաքական կուսակցություններ և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Նախ ներկայացվեց հարցումների մեթոդաբանությունը, այն է` դեմ առ դեմ հարցումներ` 1146 մարդ, ընտրանքային սխալը` 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը` փետրվարի 23-մարտի 2:

«Բավարարված ե՞ք արդյոք ձեր կյանքով» հարցին 13 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 44,4 տոկոսը` ավելի շուտ բավարարված է, 26 տոկոսը ավելի շուտ բավարարված չէ, իսկ 16 տոկոսը ընդհանրապես բավարարված չէ:

Իսկ թե ինչպե՞ս են գնահատում իրենց ընտանիքիների նյութական ապահովվածությունը, 1,1 տոկոսը նշել է, որ լիովին բավարարված է, լավ` 11,9 տոկոս, միջին` 60 տոկոս, վատ` 48,8 տոկոսը, շատ վատ` 8,6 տոկոսը:

Ինչպե՞ս են գնահատում երկրի ներկա տնտեսական վիճակը. շատ լավ` 0,7 տոկոս, լավ` 2,1 տոկոս, միջին` 25 տոկոս, վատ` 37 տոկոս, շատ վատ 34,6 տոկոս:

«Ձեր ընտանիքը 1 տարի հետո ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրի» հարցին 2,9 տոկոսը պատասխանել է, որ ավելի լավ կապրի, 27,7 տոկոսը` որոշ չափով լավ, 38 տոկոսը պատասխանել է, որ կապրի այնպես, ինչպես այժմ է ապրում, 12,7 տոկոսը` որոշ չափով վատ, զգալիորեն ավելի վատ` 8,7 տոկոսը:

Երկրում ծառացած ամենակարևոր խնդիրները`

58,1 տոկոս`գործազրկություն,

39,3 տոկոս` պատերազմական իրավիճակ,

28,2 տոկոս` արտագաղթ,

27,7 տոկոս` տնտեսական վիճակ,

21 տոկոս` ցածր աշխատավարձ,

16,5 տոկոս` կոռուպցիա,

12,3 տոկոս` ցածր թոշակներ,

10 տոկոս` գնաճ, ինֆլյացիա: