կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 15:04
Հասարակություն

Թոշակառուների 65-70 տոկոսն անընդհատ բուժծառայության կարիք ունի, բայց դիմում է նրանց միայն 16-17 տոկոսը

Թոշակառուների 65-70 տոկոսն անընդհատ բուժծառայության կարիք ունի, բայց դիմում է նրանց միայն 16-17 տոկոսը

ԱԺ-ում առողջապահության ոլորտի 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց բարձրացրեց այն մասին, որ առանձին հիվանդությունների բուժման համար պետպատվերով սահմանված գնի և պրակտիկայում սահմանված գնի միջև կան տարբերություններ, ինչը բացասական երևույթների հիմք է հանդիսանում:

 

«Երբ հիվանդությունների բուժման` պետպատվերով սահմանված գինն ավելի ցածր է, քան շուկայական ձևավորված գինը, ապա առաջանում են նաև կոռուպցիոն ռիսկեր: Արդյո՞ք բյուջեի պլանավորման ժամանակ հաշվի է առնվել այդ խնդիրը: Լուծումը, իմ կարծիքով, առողջապահական ապահովագրությունն է, բայց այս ուղղությամբ ես չեմ տեսնում քայլեր»,- ասաց պատգամավորը:

 

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համաձայնեց, որ հիվանդությունների բուժման իրական ինքնարժեքի հարցը ամենակարևոր հարցերից է: Նրա խոսքով` այդ գները պետք է լինեն որակին համահունչ: Նախարարը հույս հայտնեց, որ 2015 թվականը բեկումնային կլինի առողջապահական համակարգի համար, և կներդրվեն միասնական չափորոշիչներ:

 

«Կփորձենք չափելի դարձնել այն, ինչը մինչ այդ եղել է հուզական ոլորտում, այսինքն` որակի հիմնական ցուցանիշները չափելի սարքել: Կան խնդիրներ` կապված ծառայությունների տարբեր գների հետ: Այդպիսի բան կա, բայց փոխել այդ գները առանց միասնական չափորոշիչների և միասնական էլեկտրոնային համակարգի,  նշանակում է` մենք չարդարացված ռիսկի ենք դիմում»,- ասաց նախարարը` հավելելով, որ միասնական չափորոշիչները կներդրվեն 2015-ին:

 

Ինչ վերաբերում է սոցփաթեթին, նախարարի կարծիքով` ոչ թե իրական գները, այլ շուկայական գները թելադրեցին այդ տարբերությունները:

 

Խոսրով Հարությունյանի հաջորդ հարցը վերաբերում էր թոշակառուներին: Պատգամավորի խոսքով` թոշակառուների 65-70 տոկոսը անընդհատ բժշկական ծառայություններից օգտվելու կարիք ունի, բայց այդ ծառայություններին դիմում է թոշակառուների 16-17 տոկոսը: Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ քայլեր են արվում, որ այդ խոցելի խավերի համար մատչելի լինեն բժշկական ծառայությունները:

 

Նախարարը նշեց, որ պետպատվերի ծրագրի հիմնական խնդիրները վերաբերում են այդ խոցելի խմբին:

 

Խոսրով Հարությունյանի երրորդ հարցը վերաբերում էր կարդիոլոգիային, երբ շատ քաղաքացիներ հնարավորություն չունեն բուժվելու սիրտ-անոթային հիվանդություններից: Նա մտահոգություն հայտնեց, որ ոչ ճիշտ ֆինանսնավորման արդյունքում այդ ոլորտը կարող է կրել բացասական հետևանքներ: «Կա'մ պետք է պետական լուրջ միջամտություն, կա'մ առողջապահական ապահովագրության որևէ մեխանիզմ մշակվի»,- ասաց Խոսրով Հարորւթյունյանը:

 

Նախարարը նշեց, որ, գնահատելով ոլորտի իրական հնարավորությունները, մինչև 2018 թ. կփորձեն անել այն քայլերը, որ յուրաքանչյուր անձ, ով անհետաձգելի օգնության կարիք ունի`  ինվազիվ կարդիոլոգիայի առումով, սպասարկվի, իսկ ծախսերը կփոխհատուցի պետությունը: