կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 13:48
Հասարակություն

Հայաստանում էներգետիկ ցանցի ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է. փոխնախարար

Հայաստանում էներգետիկ ցանցի ապահովվածությունը բարձր մակարդակի վրա է. փոխնախարար

Էներգետիկ համակարգում երկու օր առաջ տեղի ունեցած վթարն այնքան մեծ էր, որ հնարավոր էր ունենայինք էլեկտրաէներգիայի ամբողջական դադարեցում, և վերականգնումը մի քանի օր կտևեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Եթե մենք զրոյի չենք նստել, ամենամինիմալ վիճակում ունեցել ենք 40-45 տոկոս էլեկտրաէներգիայի մատակարարում, և վիճակն արագ կայունացվել է, նշանակում է, որ համակարգը լիովին պատրաստ էր»,- ասաց նա:

Փոխնախարարը մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ վթարից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ ռեակտիվ էներգիայի երկու մեծ աղբյուրները չեն գործում, ռեակտիվ էներգիայի ներմուծում է տեղի ունեցել Վրաստանից և Իրանից: «Դրա արդյունքում լարումը վերականգվեց, Սևան-Հրազդան կասկադը շատ արագ վերականգվեց ու մտավ համակարգ»,- նշեց նա:

«Եթե ատոմակայանը այդ պահին միացված լիներ, հնարավո՞ր է վթարն ազդեր նաև ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա հարցին» փոխնախարարը պատասխանեց. «Եթե ՀԱԷԿ-ը միացված լիներ, ավելի հեշտ կլիներ, որովհետև կունենայիք ևս մեկ ռեակտիվ էներգիայի աղբյուր: Մինչև վթարը ատոմակայանին հասնելը` բազմաթիվ ռելեական սարքավորումներ կան, որոնք կաշխատեին, ինչպես աշխատեցին Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկում»:

Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝  ուսումնասիրություն կատարելու համար, որպեսզի հետագայում պատկերացում կազմեն իրենց շահագործման թերությունների, խնդիրների վերաբերյալ և փորձեն դրանք շտկել: Վերլուծություններից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ վթարի պատճառների մասին. արդեն բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են:

Ըստ փոխնախարարի՝ այս պահին երկու վարկած կա, մեկը` որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը՝ տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ և Երևանի ՋԷԿ):

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ներքին պատճառը բացառվում է, երկու վարկած կա, երկուսն էլ արտաքին են, Հակոբ Վարդանյանն արձագանքեց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել են այդ պահին առկա վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով` Երևանի ՋԷԿ-ում կան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում:  Երբ ամբողջական պատկերը պարզ լինի, ես ավելի հստակ կասեմ: Հիմա ճիշտ չէ կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակ: Մենք իրանցի գործընկերներից հենց առաջին րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ վթարը լոկալ է եղել և չի հասել մեզ: Մեր տեսչական մարմինները պետք է զբաղվեն այս հետաքննությամբ և զբաղվում են»:

Փոխնախարարի հավաստմամբ՝ մոտ մեկ ամսվա ընթացքում կլինի պատասխանը: «Միգուցե հնարավոր է երկարի, չեմ կարող ասել, որովհետև բազմաթիվ տվյալներ են ճշտվում: Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տևել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ և տրամադրում ենք այն տեղեկությունները, որոնք ունենք»,- հայտնեց նա:

Հարցին, թե էներգետիկ ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից ինչ մակարդակի վրա է, Վարդանյանը պատասխանեց. «Բարձր մակարդակի վրա է, բայց ամբողջ աշխարհում ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, որովհետև ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ կարող է խափանել: Այսօր գործող լավագույն համակարգն է Հայաստանում ներդրված»: