Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի ո’չ համամասնական, ո’չ ռեյտինգային ցուցակները դեռևս հայտնի չեն հանրության, նույնիսկ իրենք` ԲՀԿ-ականները, տեղյակ չեն` ցուցակում կա՞ն, թե՞ ոչ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ իր` համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին տեղյակ չէ: «Տեղյակ չեմ, հավանաբար` կամ ցուցակում»,- ասաց նա:
Այդուհանդերձ, Խաչատրյանը նշեց, որ չի կարծում, թե հատուկ են մինչև վերջին վայրկյանը թաքցնում ցուցակները, որպեսզի թիմակիցները ժամանակից շուտ չնեղանան: «Նման խնդիր չկա, ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ ամեն մեկն իր ցույց տված արդյունքներին համապատասխան է գնահատվելու` անկախ ցուցակում տեղից»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ չգիտի` ցուցակները չհրապարակելը գաղտնիությո՞ւն է, թե՞ մարտավարություն: «Ինչ վերաբերում է ցուցակը չհրապարակելուն, ես չգիտեմ` դա գաղտնիությո՞ւն է, թե՞ մարտավարություն: Հավանաբար, կուսակցության ղեկավարն է այդպես որոշել, ինչը ինձ շատ քիչ է հետաքրքրում»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` Դուք էլ վստահ չեք և նշեցիք, թե, հավանաբար, կաք ցուցակում, Խաչատրյանը պատասխանեց. «Դե ես ռեյտինգայինով առաջադրված եմ: Ցուցակում կլինեմ, չեմ լինի` ինձ, անկեղծ ասած, չի էլ հետաքրքրում: Եթե ժողովուրդն ինձ ձայն տվեց, կընտրվեմ, չտվեց, չեմ ընտրվի, այնպես որ` այդ համամասնական ցուցակը ինձ չի հետաքրքրում»:
Հիշեցնենք` երեկ Yerkir.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ ցուցակները կհրապարակի ԿԸՀ-ն` սահմանված ժամկետում, այսինքն` փետրվարի 26-ին, իսկ մինչ այդ իրենք նպատակահարմար չեն գտել հրապարակել: