կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-21 18:26
Իրավական

Մարմնավաճառների մուտքը ՔԿՀ կազմակերպած նախկին պաշտոնյան իրեն մեղավոր ճանաչեց

Մարմնավաճառների մուտքը ՔԿՀ կազմակերպած նախկին պաշտոնյան իրեն մեղավոր ճանաչեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մարմնավաճառներ «բերելու» վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Կրապետ Մկրտչյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու Խաչատուր Խաչատրյանը: Պաշտոնեական դիրքի չարաշահման համար Կարապետ Մկրտչյանին և Խաչիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մկրտչյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումն, իսկ Խաչատրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Այսօրվա դատական նիստին ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները:

Ամբաստանյալ Կարապետ Մկրտչյանը հայտնեց, որ ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի՝ 15 և 12 տարեկան: Արդարադատության փոխգնդապետ ամբաստանյալը հայտնեց, որ մինչ կալանավորվելը զբաղեցրել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալի պաշտոնը, սակայն տեղյակ չէ, իրեն պաշտոնից ազատել են, թե՝ ոչ: Նա կալանքի տակ է նախորդ տարվա դեկտեմբերի 2-ից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարապետ Մկրտչյանին 2015թ. փետրվարի 3-ից աշխատելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալի պաշտնում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառջակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Խաչիկ Խաչատրյանն էլ ՝ համաձայն մեղադրանքի, 2016թ. օգոստոսի 26-ից աշխատելով նույն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթախահի պաշտոնում, իրականացնելով օրվա հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի պարտականությունները, օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում` հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառջակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Նշենք, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարմնավաճառ երեք աղջիկները 2016թ.-ի հոկտեմբերի 10-ին մեկ այլ դատապարտյալի դիմումի հիման վրա կարճատև տեսակցության պատրվակով մուտք են գործել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Սակայն պարզվել է, որ ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանը և հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը, առանց օրենքով սահմանված անհրաժեշտ պայմանների, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն օրը ուրիշ երեք դատապարտյալների հետ երկարատև տեսակցության ակնհայտ անօրինական թույլտվություն են տրամադրել մարմնավաճառներին:

Արդյունքում, վերջիններս երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի հանդիպել են դատապարտյալներ Կ.Հ.-ի, Պ. Մ.-ի և Ա. Գ.-ի հետ, որոնցից մեկը եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր:

Այսօրվա նիստին ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր են ճանաչում և միջնորդեցին արագացված դատական կարգ կիրառել: Նշենք, որ ամբաստանյալներից Կարապետ Մկրտչյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Մեղադրող դատախազ Ռաֆայել Երիցյանն, ով նախաքննության ընթացքում առարկել էր արագացված դատական կարգ կիրառելուն՝ փոխեց իր դիրքորոշումը: Այսպիսով դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց գործը քննել արագացված դատական կարգով:

Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում:

Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը: