Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:
Այս գործով ներկայումս կալանքի տակ են Արմեն Ներսիսյանն ու Գուրգեն Գրիգորյանը, իսկ պատգամավորի որդու նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ, մեղադրող դատախազի որոշմամբ, այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Այնուհետև դատավորը հետաքրքրվեց ամբաստանյալների կենսագրական տվյալներով: Արսենյանի որդին հայտնեց, որ նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է Երևանում, ներկայումս էլ սովորում է Երևանի մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: Ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել, իսկ Արմեն Ներսիսյանը նշեց, որ առողջական խնդիրներ ունի՝ թոքի հետ կապված:
Դատավոր Գագիկ Պողոսյանի առաջարկով դատական նիստը 10 րոպեով ընդմիջելուց հետո պաշտպանական կողմը որոշեց արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդություն ներկայացնել: Երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ ընդունում են իրանց առաջադրված մեղադրանքը:
Մեղադրող դատախաղ Դանիելյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ արագացված դատաքննության կարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Ի դեպ, նախաքննության ընթացքում մեղադրողը դեմ էր արագացված դատաքննության կարգ կիրառելուն, սակայն չի բացառվում, որ նա կփոխի իր դիրքորոշումը:
Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն: Արմեն Ներսիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի և վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Թամանյան փողոցում գտնվող «Հեմինգուեյ» ակումբում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Արմեն Ներսիսյանը, բացահայտ անհարգայից վերաբերմունք դրսևորելով ինչպես անցորդների, այնպես էլ նշված ակումբին կից գործող սրճարանի այցելուների նկատմամբ, սարսափ տարածելով ներկաների շրջանում, խմբի կազմում` գործով չպարզված անձանց հետ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գևորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի, որոնցով էականորեն խաթարել է հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: