կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 15:58
Իրավական

«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում

«ԱրմենՏել»-ի  նախկին բարձրաստիճան պաշտոնյան իրեն մեղավոր չի ճանաչում

ԱԱԾ վարույթում քննվող` «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ` «ԱրմենՏել» ընկերության տնօրեններից Վլադիմիր Սաչկովն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Սաչկովի փաստաբան Արմեն Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով` իր պաշտպանյալը համարում է, որ գործով նշանակված փորձաքննությունները սխալ մեթոդիկայով են կատարված, ներկայացված գումարներն էլ ուռճացված են:

 

Նշենք, որ այս գործով կատարվել են դատահամակարգչային, դատատեխնիկական, դատաֆինանսական, ֆինանսատնտեսագիտական փորձաքննություններ:

 

«Քանի որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, իրավունք ունի ծանոթանալու գործով որոշակի փաստաթղթերի, այդ թվում` նշանակված փորձաքննությունների որոշումներին և նշանակված փորձաքննությունների եզրակացություններին: Մեղադրանքի ծավալում նշված է, որ խմբի կողմից պետությանը պատճառվել է 2 մլն դոլարի վնաս, իսկ «ԱրմենՏել»-ին` 1 մլրդ դրամից ավելի վնաս: Քանի որ իմ պաշտպանյալն այդ ոլորտի մասնագետ է, ծանոթանալով փորձաքննություներին, նշում է, որ չափազանց սխալ հաշվարկներ են կատարվել»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ մինչ այժմ իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, մասնավորապես` նրան չեն հարցաքննել, առերեսման չեն ներկայացրել:

 

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Սաչկովը, ով 2010-ին զբաղեցրել է «ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկի տնօրենի պաշտոնը, Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորված խմբի կազմում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հետ հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ է ստեղծել և ապահովել դրանց աշխատանքը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներոի համաձայն` խմբի մեջ ընդգրկվել են նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևն ու «ԱրմենՏել»-ի անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանը:

 

Ի դեպ, Պողոսյանի վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում, իսկ գործով մեղադրյալ Կլիմկոն մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ:

 

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Սաչկովը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 4 հոդվածներով: Մասնավորապես` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պաշտոնեական դիրքն օգտագործելով համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը) և 253-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային սաբոտաժը):

 

Հիշեցնենք, որ Սաչկովի նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս նախորդ տարվանից: Նա ձերբակալվել է 2014-ի մայիսին Ռուսաստանից Բելառուս վերադառնալու ճանապարհին: Նրան Հայաստանին արտահանձնելու խնդրանքով ՀՀ դատախազությունը դիմել էր Բելառուսի համապատասխան մարմնին: Միջնորդությունը բավարարվել էր, և Սաչկովին մոտ երկու շաբաթ առաջ արտահանձնել էին Հայաստանին: Մեր տեղեկություններով` այժմ նա պահվում է ՀՀ ԱՆ «Կենտրոն» ՔԿՀ-ում:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Սաչկովը երեք մանկահասակ երեխա ունի: Ի դեպ, երրորդ երեխային հայրը դեռևս չի տեսել, նա ծնվել է երկու ամիս առաջ` Սաչկովի` կալանքի տակ գտնվելու ժամանակ:

 

«Այս դեպքից հետո նրա ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական, հոգեկան վիճակում»,- մեզ հետ զրույցում նշեց Սաչկովի փաստաբանը: