Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մարմնավաճառներ «բերելու» վերաբերյալ աղմկահարույց գործի ելքը որոշվեց երեք ժամում: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և ավարտվեց հիշյալ գործի քննությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը գործը քննեց արագացված դատական կարգով: Դատարանի վճռով` գործով երկու ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու Խաչիկ Խաչատրյանը` 1 տարի ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց, նրա նկատմամբ սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Նշենք, որ Մկրտչյանը կալանքի տակ է նախորդ տարվա դեկտեմբերից:
Երեկվա նիստում ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը ընդառաջել է դատապարտյալ Ստեփան Հակոբյանի առաջարկին՝ նրա ու ևս երկու դատապարտյալների՝ Ռոբերտ Օսիպյանի ու ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ով տառապող, այդ հիվանդության 4-րդ՝ ծանր փուլում գտնվող դատապարտյալ Ա. Օ.-ի համար թույլատրել տեսակցություն երեք մարմնավաճառուհիների հետ: Ի դեպ, Ստեփան Հակոբյանը Լեդի Հակոբի եղբորորդին է, նա տարիներ առաջ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման Մալաթիայի թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար: Նշենք, որ մարմնավաճառ երեք աղջիկները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ են մուտք գործել իբրև թե մեկ այլ դատապարտյալի՝ Վիկտոր Դ-ի դիմումի հիման վրա` կարճատև տեսակցության պատրվակով:
ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Կարապետ Մկրտչյանի անօրինական ցուցումով երեք կանանց հետ տեսակցությունը ձևակերպվել է մեկ այլ դատապարտյալ՝ Վիկտոր Դ-ի հետ, սակայն իրականում մարմնավաճառները «հանդիպել» են Ս. Հակոբյանի և երկու այլ դատապարտյալի հետ: Ընդ որում՝ ձևակերպվել է որպես կարճատև տեսակցություն, բայց նրանց տրամադրվել է երկարատև տեսակցությունների սենյակը:
Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը, այդ տեսակցությունը անօրինական կերպով թույլատրելով, ցանկացել է «ամրապնդել հեղինակություն ունեցող դատապարտյալների վստահությունն իր նկատմամբ»:
Տեսակցության կազմակերպական մասն ապահովելու՝ ակնհայտ անօրինական ցուցումը Մկրտչյանը տվել է օրվա պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր էին ճանաչել: