Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ շաբաթ օրը կայանալիք` ՀՀԿ գործադիր մարմնի նիստը կտա բոլոր հարցերի պատասխանները:
«Բոլոր այդ հարցերը պարզ կդառնան շաբաթ օրը գործադիր մարմնի նիստում: Որպես կուսակցության ղեկավար մարմին` գործադիր մարմնի որոշմամբ է առաջադրվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը, որը ռեյտինգային է կոչվում»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին` իր հետ քննարկումներ կա՞ն կուսակցությունում, ինքը հայտնվելո՞ւ է ցուցակում, թե՞ ոչ, Նիկոյանը պատասխանեց. «Այդ մասին շաբաթ օրը կտեղեկանաք, քննարկումներն էլ շաբաթ օրն են տեղի ունենալու»:
Ինչ վերաբերում է` արդյո՞ք Նիկոյանը ցանկություն ունի հայտնվելու օրենսդիր մարմնում, նա նշեց, որ իր ցանկություններն էլ է շաբաթ օրը արտահայտելու:
ՀՀԿ-ն լքողների մասին խոսելով` Նիկոյանը նշեց, որ մատների վրա կարելի է հաշվել ՀՀԿ-ից դուրս եկածներին, ապա շեշտեց, որ պետք է հաշվի առնել նաև 11 հազար մարդկանց մուտքը Հանրապետական կուսակցություն:
Դիտարկմանը, որ կուսակցությունը լքել են առանցքային դեմքեր, Նիկոյանն արձագանքեց. «Առանցքային դեմք չեն ծնվում, դառնում են: Տարբեր ժամանակներ Հանրապետական կուսակցության մեջ առանցքային դեմքերը եղել են տարբեր մարդիկ, իսկ հիմա կլինեն այլ մարդիկ, այնպես որ` առանցքային դեմքերի այդ տեղը թափուր չի մնա»: Նա հայտարարեց, թե ՀՀԿ-ին բացարձակապես չի անհանգստացնում այդ մի քանի մարդկանց հեռանալը:
Հարցին` թուլացման մասին խոսք չի՞ կարող լինել, Նիկոյանը պատասխանեց. «Ընդհակառակը` ես կասեի, որ մեր կուսակցությունում ինչ պրոցեսներ որ տեղի են ունենում, միտված են կուսակցության առողջացմանը, ուժեղացմանը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ռեյտինգային համակարգը կհանգեցնի ներկուսակցական պայքարի, Նիկոյանը նշեց, որ ռեյտինգային համակարգի առանձնահատկությունն այն է, որ բոլորը բոլորի հետ մրցում են: «Յուրաքանչյուր կուսակցություն, ինչպես նաև մեր կուսակցությունը, ընտրատարածքներում մինչև 15 մարդ կարող է առաջադրել, և հանրությունը կունենա ընտրելու լայն հնարավորություն: Մինչև հիմա մեղադրում էին որոշ կուսակցությունների, այդ թվում` նաև մեզ, որ գործարար, օլիգարխներ ենք առաջադրում: Հիմա խնդրեմ` յուրաքանչյուր ընտրատեղամասում կուսակցությունն առաջադրում է և՛ գիտնական, և՛ արվեստի մարդ, և՛ սպորտի մարդ, այսինքն` տարբեր ոլորտի մարդիկ: Հասարակությունը հնարավորություն ունի ինքը որոշելու՝ ինչպիսին է ուզում տեսնել պառլամենտը, և ով է իր այսօրվա արժեհամակարգի հերոսը»,- ասաց նա: