կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-03 12:33
Աշխարհ

Ահաբեկչությունն ունի նոր դեմք. Էրդողանը դեռևս 2017 թ. էր զգուշացրել, որ «եվրոպացիները չեն կարողանալու անվտանգ քայլել»

Ահաբեկչությունն ունի նոր դեմք.  Էրդողանը դեռևս 2017 թ. էր զգուշացրել, որ «եվրոպացիները չեն կարողանալու անվտանգ քայլել»

Արդեն 36-րդ օրն է, ինչ Հայաստանն ու Արցախը պայքարում են ինչպես ահաբեկչական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, այնպես էլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Հայաստանի իշխանությունները, հայկական կազմակերպությունները բազմիցս կոչեր էին հղել միջազգային հանրությանը՝ հակազդելու հայության դեմ իրականացվող տեռորին։

Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph (Մեծ Բրիտանիա), European Post (Բրյուսել), Foreign Policy (ԱՄՆ), Tageblatt (Ավստրիա) և Il Gеornale (Իտալիա) լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր. «Եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»։

15-17-րդ դարերում նվաճումների ֆոնին՝ Օսմանյան կայսրությունը փորձում էր իր տիրապետությունը հաստատել նաև Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, ինչի համար առաջնահերթ էր Վիեննա քաղաքի գրավումը։ 1529 թ. Վիեննայի անհաջող պաշարումից հետո էլ 150 տարի Օսմանյան կայսրությունը փորձեց գրավել ռազմավարական մեծ նշանակություն ունեցող քաղաքը. Վիեննայի գրավումը կնշանակեր եվրոպական քաղաքակրթության ավարտ՝ աշխարահամասը դարձնելով իսլամաթուրքական։ Այդժամ եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներ՝ Յան Սոբեսկիի գլխավորությամբ (որի զորքերի կազմում կար հայկական զորամիավորում), համախմբվեցին՝ դիմակայելու վերահաս աղետին։ Վերջնական պաշարումը եղավ 1683 թ., երբ օսմանյան զորքերը 2 ամիս պաշարեցին քաղաքը։ Վերջնական ճակատամարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-12-ը, որի ընթացքում եվրոպական ուժերը ջախջախեցին թուրքական զորքերին։ Հենց այս վճռական ճակատամարտից հետո, ըստ բազմաթիվ ուսումնասիրողների, սկսվեց Օսմանյան կայսրության անկման երկարատև գործընթացը՝ վերջնականապես ի չիք դարձնելով Եվրոպան գրավելու՝ թուրքական մտադրությունը։

Եվ այսօր՝ Վիեննայի ճակատամարտից հետո մի քանի դար անց, Եվրոպան դարձյալ կանգնել է նման վտանգի առջև, և դարձյալ այդ ահաբեկչական վտանգի հովանավորը Թուրքիան է՝ սուլթանական նկրտումներ ունեցող Էրդողանի գլխավորությամբ։

Թեև Փաշինյանի՝ «Վիեննայի մերձակայքում» արտահայտությունը հենց վերը նշված իմաստով էր, սակայն այսօր Վիեննա քաղաքը բառացիորեն դարձել է ծայրահեղ իսլամիստների ահաբեկչական հարձակման կենտրոն։

2017 թ. մարտ ամսին, Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակներում թուրք պաշտոնյաներին Ավստրիա և Գերմանիա մուտք գործել և թուրքական հանրահավաքներ չթույլատրելու որոշումների ֆոնին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Եթե Եվրոպան գնա այս ուղիով, աշխարհի ցանկացած ծայրում ոչ մի եվրոպացի չի կարողանա անվտանգ քայլել փողոցներում։ Եվրոպան կտուժի դրանից»։

Երեք ու կես տարի անց Էրդողանի սպառնալիքները դարձել են իրականություն, և Ֆրանսիայի ու Ավստրիայի բնակիչները չեն կարողանում հանգիստ դուրս գալ իրենց տներից, իսկ Եվրոպան կանգնել է ահաբեկչական մեծ վտանգի առջև։

Ա. Եղիազարյան