Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունից ու անձամբ Սերժ Սարգսյանից շատ երկար ժամանակ չպահանջվեց` հասկանալու համար, թե ինչու առանցքային քաղաքական ուժերը հրաժարվեցին թեկնածուներ առաջադրել նախագահական ընտրություններին: Նրանց առջև հիմա շախմատի տախտակն է: Ունեն արքա, մի քանի իրար հետևից ընկած զինվոր, իսկ մնացած ֆիգուրները կա'մ զոհաբերվել են և կա'մ անպաշտպան կանգնած են անխուսափելի հարվածների տակ: Այսպես շախմատ չեն խաղում: Սերժ Սարգսյանը ժամանակին բարեկամաբար զգուշացվել էր այս մասին: Բայց...
Այսօր նրա մրցակիցը էպոսագետն ու հազիվ 8 միլիոն հայթայթած հետնապահներն են, իշխանական պրոյեկտի վերածված Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, քաղաքական գործչի բույրը օծանելիքի ուժով թարմացրած Պարույր Հայրիկյանը: Այո, իրար հետևից ընկած զինվորներ, որոնք ամենամեծ ցանկության դեպքում էլ մեկ թեթև ֆիգուրի գործառույթ չեն կարող իրականացնել:
Ի՞նչ անել, որ առաջիկա նախագահական ընտրությունները նմանվեն ընտրությունների, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի երկրորդ թագադրման նախահանդիսության: Սա դեռ հնարավոր է գլուխ բերել: Իսկ ի՞նչ անել, որպեսզի «տարօրինակ» լռություն պահպանող խորհրդարանական առանցքային ուժերը չձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնց արդյունքում, հնարավոր է, ընտրությունները վերածվեն խեղկատակության՝ ընդհանրապես: Իշխանությունն արդեն պարզորոշ զգում է մթնոլորտում կուտակվող անդուր հոտը, իսկ թե որտեղից և ինչ ձևով է այն ներխուժում քաղաքական դաշտ, չի կարողանում վերջնականապես հասկանալ: Այդ իսկ պատճառով իշխանությունը, դատելով զանազան լրատվամիջոցներ նետված տեղեկատվություններից, հենց շրջանաձև պաշտպանություն կազմակերպելով է զբաղված, մի բան, որ անում ես, երբ քեզ հայտնի չէ, թե ինչ կարող է ձեռնարկել հակառակորդը:
Մի հանրապետական, օրինակ, ո'չ այսկողմ, ո'չ այնկողմ հայտարարել է՝ եթե ԲՀԿ-ն որոշի վերադառնալ կոալիցիա, ապա այնտեղ նա բարեկամներ կգտնի: Ի հաստատումն հանրապետականի այս խոսքերի, հաջորդ առավոտյան կայքերից մեկը գրել է, որ նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է, ԲՀԿ-ին տան վարչապետի աթոռն ու Երևանը: Սակայն վարչապետի աթոռը մի քիչ դժվար տան ԲՀԿ-ին, որովհետև հերթում Հրանտ Բագրատյան էլ կա, բայց, ամեն դեպքում, նայած ԲՀԿ-ն ինչպես դրսևորի իրեն նախագահական ընտրություններում, մի բան կանեն:
Իսկ ահա արդարադատության նախարարի լավագույն թեկնածուները միայն ՀԱԿ-ում են, սոցիալական ապահովության ոլորտի լավագույն մասնագետները՝ ՀՅԴ-ում: Հենց նրանց էլ բաժին կհասնեն այդ երկու նախարարական պորտֆելները: Երևի:
Դարձյալ երևի՝ Հրանուշ Հակոբյանը պետք է իր համար գործ ման գա, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանից լավ սփյուռքի նախարար չի կարող լինել աշխարհում, մանավանդ` որ պատրաստվում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին:
Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ շրջանաձև պաշտպանություն, միանգամից մի քանի կողմերից սպառնացող հարվածներից իշխանությունը ապահովագրելու փորձ: Սա իշխանության պատասխանն է համառորեն պտտվող այն լուրերի, որ, թեկնածու չառաջադրելով, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ոչ թե հրաժարվել են պայքարից, այլ, ընդհակառակը, որդեգրել են մի մարտավարություն, որն առավել արդյունավետ է գործում իշխանությունն իրենց ձեռքում կենտրոնացրած ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ, քան ուղղակի առճակատումը: Հիմա արդեն կարևոր չէ՝ սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու որոշումները այս ուժերը համատե՞ղ են կայացրել, առանձին-առաձի՞ն, թե՞ միմյանց ընդօրինակելով: Այլևս աներկբա է՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ նույնիսկ ոզնուն է հասկանալի, թե ինչ տեղի կունենա, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, անգամ չբոյկոտելով ընտրությունները, իրենց ընտրազանգվածներին կոչ անեն քվեարկել բոլորին դեմ կամ ուղղակի անվավեր քվեաթերթիկ տալ: Սերժ Սարգսյանն, իհարկե, նաև այս դեպքում կարող է ընտրվել, բայց ի՞նչ կնշանակի, ասենք, 600-700 հազար կողմ ձայների կողքին 500-400 հազար «բոլորին դեմ», անվավեր կամ «Չակ Նորիս» քվեաթերթիկների առկայությունը: Հավանաբար, հենց այս սցենարից է վախենում իշխանությունը և այն տհաճ հարցերից, որ միջազգային դիտորդները կուղղեն իրեն, թե ինչու, օրինակ, Հայաստանում չկան այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան ընդդիմությանը գործել քաղաքական առումով բացահայտ և ոչ թե դիմել նման հնարքների:
Եվ ահա իշխանությունը որոշ ԶԼՄ-ներով հրապարակ է նետում «տեղեկատվություններ», որոնք ազգային համաձայնության կառավարություն կազմավորելու տարրեր են պարունակում: Ընդդիմությունը և ԲՀԿ-ն կընդունե՞ն իշխանության առաջարկները: Չի բացառվում, որ ընդունեն: Բայց դա կախված կլինի այն բանից, թե այդ առաջարկները որքանո՞վ բավարար կլինեն իրական համակարգային փոփոխություններ առաջ բերելու՝ վարվող արտաքին քաղաքականության մեջ հստակություն մտցնելու, բիզնեսը իշխանությունից տարանջատելու, ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ վերապահելու, հակակոռուպցիոն պայքարը ստաբիլացնելու, մենաշնորհները հաղթահարելու, սոցիալական արդարություն ապահովելու, դատական համակարգը իշխանությունից անկախացնելու, ԼՂՀ դե յուրե ճանաչմանն ուղղված անշրջադարձելի քայլեր կատարելու և այլնի համար: Այսինքն՝ խոսքը մեկ-երկու պաշտոն ընդդիմությանը առաջարկելու և հանգիստ նստելու մասին չէ, այլ իրական ազգային համաձայնություն կայացնելու մասին է, երկրի կառավարմանն ու առաջընթացին բոլորի մասնակցության ապահովման մասին: Պատրա՞ստ է իշխանությունը սրան: Առայժմ չի երևում, որ պատրաստ է: Այլապես չէին փորձի, թերթերին մի քանի բան ասելով ու ակնարկներով, հասկացնել այս ամենը: Սերժ Սարգսյանն ավելի հետաքրքիր պրակտիկա ունի դրա համար: Բոլոր կարող ուժերին խորհրդակցության հավաքել Մարզահամերգային համալիրում: Բայց այս անգամ՝ իրական կարող ուժերին և ոչ թե հրահանգով չալող ժողգործիքներին:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ