կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 17:02
Սպորտ

Կընդունվի մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը

Կընդունվի մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին:

Ըստ այդմ, հանձնարարվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին վեցամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության  կառավարություն ներկայացնել մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:

Մանկապատանեկան սպորտի զարգացման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար ծառայում է որպես ուղղորդիչ միջոց՝ մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը վերաբերող խնդիրների և հարցերի լուծման համար:

Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է հոգեպես և ֆիզիկապես զարգացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակումը, ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների և պատանիների առողջության ամրապնդումը, մարզման գործընթացին նրանց ընդգրկումը, սպորտի մասսայականացումը, տաղանդավոր երեխաների ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաuտ առողջ, ֆիզիկապես ուժեղ ու կամային բարձր որակներով օժտված երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:

«Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաuտանի Հանրապետության  կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ հիմնախնդիրները՝

- նյութատեխնիկական բազայի կատարելագործում.

- անհրաժեշտ մարզագույքով ապահովում.

- որակյալ մանկավարժական կադրերով ապահովում.

- ֆիզիկական դաստիարակության մեթոդական ապահովում մանկապատանեկան սպորտում և ուսումնական հաստատություններում.

- մարզական հերթափոխի պատրաստման համակարգի արդիականացումը. ուսուցման նոր՝ ժամանակի պահանջներին համահունչ ծրագրերի մշակումը.

- բնակության վայրերում մանկապատանեկան սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

- գյուղական համայնքներում մանուկների և պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար պայմանների ստեղծումը.

- մասսայական սպորտի ենթակառուցվածքների զարգացումը ինչպես կրթական համալիրներում, այնպես էլ բնակելի վայրերում: