կարևոր
3739 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 16:05
Աշխարհ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կընդունվի Հայաստանին օգնություն տրամադրելու լրամշակված նախագիծը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ սահմանվել։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ: Կցանկանայի ընդգծել աշխատանքների օպերատիվությունը, որը գրանցվեց սեպտեմբերյան այս իրադարձությունների ընթացքում»,- ասաց Զասը:

Զասի խոսքով՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները հավաքվել են առցանց ձևաչափով ՝ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացնելու համար, որի ընթացքում քննարկել են իրավիճակը:

«Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ և արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության նստաշրջանում: Կցանկանայի ակնկալել, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք շատ կարևոր փոխլրացնող երկու փաստաթղթերի փաթեթային ընդունման. Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի»,- եզրափակեց Զասը: