կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 17:26
Հասարակություն

2016-ից, TOEFEL-ից բացի, կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը

2016-ից, TOEFEL-ից բացի, կընդունվի նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված «Connecting Globally» համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը: Նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է:

 

«Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ: Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում օտար լեզուների, հատկապես` անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում:

 

Նախարարի խոսքով՝ անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող թեստերի հաղթահարումը դարձել է Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ:

 

«Եթե տարիներ առաջ օտար լեզվի իմացությունը կարող էր ընդունվել մարդու մրցակցային առավելություն, ապա այսօր, իսկ մոտ ապագայում առավել ևս, օտար լեզվի իմացությունն արդեն դիտվելու է պարտադիր պահանջ՝ ամրագրված մասնագետի պաշտոնի անձնագրում: Հետևաբար օտար լեզուների ուսուցման հարցերում մենք պետք է ապավինենք միջազգային չափանիշներով իրենց մրցունակությունն ապացուցած գործիքներին»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ այս իմաստով Բրիտանական խորհուրդը համարվում է ՀՀ ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչներին անգլերենի դասավանդման կատարելագործման գործում:

 

Նախարարի խոսքով` ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել: Սակայն օտար լեզվի ուսուցման կատարելագործումը, ըստ նախարարի՝ չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա.«Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը»:

 

Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի TOEFEL-ից, իբրև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, ընդունել նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը:

 

Համաժողովին ներկա են եղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից: