կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 16:49
Իրավական

«Տունը ծնունդիս օրն էր նվիրել ինձ». Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող հարևանն իրեն մեղավոր չճանաչեց

Նախորդ տարվա մարտին Սևանում դաժանաբար սպանված փորձագետ Կարեն Վարդանյանը մերձավոր հարազատներ չունի, ուստի նրա սպանության վերաբերյալ գործն այսօր քննվեց առանց տուժողի իրավահաջորդի: Մարինե Մկրտչյանը, որի խոսքով` Կարեն Վարդանյանն իր հորաքրոջ թոռն է, նախաքննության ընթացքում հանդես էր եկել որպես տուժողի իրավահաջորդ, սակայն գործը քննող` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօրվա նիստում արձանագրեց, որ Մկրտչյանը չի կարող համարվել տուժողի պատշաճ իրավահաջորդ:

Նշենք, որ, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի, տուժողի իրավահաջորդ է ճանաչվում տուժողի մերձավոր ազգականներից մեկը, ով ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները: Նույն օրենսգրքի համաձայն՝ մերձավոր ազգականներ են համարվում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը:

Նախքան դատաքննության մեկնարկը՝ գործով ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել: Նա հայտնեց, որ Գևորգը ՔԿՀ-ում պարբերաբար հոգեմետ դեղեր է օգտագործում: Ամբաստանյալն էլ, իր հերթին, դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, որ քունը տանում է, և որ չի լսում հարցերը: Ամբաստանյալը նիստի ընթացքում պարբերաբար քնով էր ընկնում, հետո՝ արթնանում:

Սակայն, երբ մեղադրող դատախազը հրապարակեց նրա և գործով մյուս ամբաստանյալ` Արթուր Միհրանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, իսկ դատավորը բացատրեց, որ նրանց մեղսագրվող արարքների, մասնավորապես` սպանության համար 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում, ամբաստանյալը սթափվեց և սկսեց հեշտությամբ ըմբռնել հարցերը:

Նշենք, որ նախաքննության ընթացքում երկու ամբաստանյալների նկատմամբ էլ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որով պարզվել էր, որ ամբաստանյալները մեղսունակ են:

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել պաշտպանի միջնորդությունը անհիմն լինելու պատճառով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար: Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կ.Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին Կ.Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով, Գ.Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Կ.Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Կ.Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է, նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։ Երկու ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին), 7-րդ և 8-րդ կետերով( կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելը՝ զուգորդված շահադիտական դրդումներով, ավազակությամբ, մարդուն առևանգելով, 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետով(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելը), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը) հատկանիշներով:

Ամբաստանյալներից Գևորգ Զոհրաբյանն առաջադրված հոդվածներից որևէ մեկով իրեն մեղավոր չճանաչեց: «Որովհետև ես չէի կարող շահադիտական դրդումներ ունենալ իմ բնակարանի նկատմամբ, որը նվեր էի ստացել դրանից մի տարի առաջ իմ ծնունդի առիթով»,- պատճառաբանեց նա:

Մյուս ամբաստնյալը իրեն մեղավոր ճանաչեց սպանության համար, սակայն չընդունեց առևանգելու փաստը, իսկ ավազակության վերաբերյալ էլ հայտնեց, որ չի հիշում: «Առևանգում չի եղել, սպանություն եղել է»,- ասաց նա:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Էդուարդ Հարությունյանը` այն անձը, որին գործով ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը վաճառել է Կարեն Վարդանյանին պատկանող, սակայն փաստաթղթերով իրեն նվիրատվություն արված բնակարանը:

Ի դեպ, այս գործով նիստին հետևելու համար այսօր որդու հետ դատարան էր եկել հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նրա որդին, հիշեցնենք, որ վերջերս է ազատ արձակվել:

Թագուհի Մելքոնյան