Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով հերթական դատական նիստը:
Դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը: Ըստ այդմ` պարզ դարձավ, որ Անդրեասյանի մոտ առկա հիվանդությունները չեն կարող առաջացնել հոգեկան շեղումներ, և ամբաստանյալը կարիք չունի ստացիոնար բուժման, բացի այդ` նա կարող է գտնվել անազատության մեջ:
Անդրեասյանի պաշտպան Սարգսյանը, սակայն, նշեց, որ եզրակացությունում նշված չէ, թե ինչ գրականությունից են օգտնվել փորձագետները նման եզրակացության հանգելիս, բացի այդ` իր պաշտպանյալին պատշաճ կերպով չեն հետազոտել: Ըստ նրա՝ փորձագիտության հիմքում դրվել են Անդրեասյանի՝ դեռևս 2013-ի դեկտեմբերին բուժծառայություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերը:
Պաշտպանը միջնորդեց դատարանին՝ իրեն ժամանակ տրամադրել եզրակացությունն ուսումնասիրելու համար, որից հետո հնարավոր է կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ հանդես գա: Սարգսյանը նաև միջնորդեց անթույլատրելի ճանաչել գործում առկա ձայնագրությունների վերծանումների վերաբերյալ արձանագրությունները, քանի որ դրանք, ըստ նրա, ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, սակայն դատավորը պաշտպանի երկու միջնորդություններն էլ մերժեց:
Դատախազ Երեմյանը հրապարակեց Անդրեասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում, հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու` Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց: «Ես ոչ մեկին չեմ խաբել, խարդախություն չեմ արել, պարտք վերցրել եմ բայց չեմ խաբել»,- ասաց նա:
Այս պահին դատարանում ցուցմունք է տալիս տուժող Գևորգ Թադևոսյանը: