Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ` առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության գործով մեղադրյալ` ընկերության ավագ երթակարգավար Գոռ Ստեփանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Գարիկ Խաչիկյանը:
Նշենք, որ, համաձայն նախաքննական տվյալների, Քաջարան քաղաքի բնակիչ Գ.Ստեփանյանը, աշխատելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում՝ որպես ավագ երթակարգավար, խարդախությամբ` առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2015թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության անսարք «ԶԻԼ» մակնիշի 481 ՍԼ 51 համարանիշով եւ «ԿամԱԶ 5511» մակնիշի ավտոմեքենաների համար իր ենթակայության տակ աշխատող երթակարգավարների միջոցով կազմել է դիզելային վառելիք եւ բենզին ստանալու իրավունք վերապահող 88 կեղծ փաստաթուղթ եւ խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3.850.000 ՀՀ դրամի բենզինի եւ դիզելային վառելիքի նկատմամբ:
2015 թվականի մայիսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավագ երթակարգավարը նկարագրված գործողությունները կատարել է իր անմիջական ղեկավարի` ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետ Կ.Եդիգարյանի հետ` նախնական համաձայնությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2015 թվականի մայիսի 29-ին Կ.Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Խաչիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալի աշխատելու ընթացքում կոմբինատում հաճախ չպլանավորված իրավիճակներ են ստեղծվել, որոնց արագ արձագանքման անհրաժեշտություն է առաջացել: Ըստ պաշտպանի՝ նման իրավիճակները լուծելու համար երկու անսարք ավտոմեքենաների համար կազմվել են կեղծ ուղեգրեր, որոնցով դուրս է գրվել 3.850.000 դրամ վառելիք: Քննության ընթացքում Գոռ Ստեփանյանն ընդունել է երկու անսարք մեքենաների համար կեղծ ուղեգրեր ձևակերպելու փաստը, մի շարք փաստեր է նշել, թե ինչ նպատակով է օգտագործել վառելիքը: Սակայն ավելի քան 9 ամիս տևած նախաքննության ընթացքում Գոռ Ստեփանյանի մասնակցությամբ նշված փաստի առնչությամբ առերես հարցաքննություն չի կատարվել:
Պաշտպանը հայտնեց նաև, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր իր միջնորդությունը և Ստեփանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ` կրկին կիրառվել է կալանավորումը: Պաշտպանը վերաքննիչի որոշումն արդեն բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում և այժմ սպասում է պատասխանի: