Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
32-ամյա Արտուշ Դավթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին իր նշանածին` Ս. Մ-ին առևանգելու և բռնաբարելու համար: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես հանցագործություն չեն արել, որ ինձ մեղավոր ճանաչեմ»,- ասաց նա:
Մեղադրող դատախազ Տիգրան Պողոսյանն այսօր հրապարակեց մեղադրական ճառը, համաձայն որի` Արտուշ Դավթյանը, տեղեկանալով իր նշանած Ս. Մ-ի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով նրան հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանը: Հետո քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայքը, որտեղից, Դավթյանի գործընկերներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Բաղդասարյանի «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Ս. Մ.-ին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել Ա. Դավթյանի` Երևան քաղաքի բնակարանը, որտեղ նույն օրը Ա. Դավթյանը Ս. Մ-ին բռնաբարել է` բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ: Արտուշ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ նրա գործըներների՝ Լևոն Ակուլյանի և Ղազար Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ, սակայն, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Տուժողի կենսագրական տվյալները ճշտելիս հայտնի դարձավ, որ նա բարձրագույն կրթություն ունի, աշխատում է «ՎիվաՍել»-ում: Նրա` արդեն նախկին նշանած Արտուշ Դավթյանը նույնպես բարձրագույն կրթություն ունի, նախկինում աշխատել է ճանապարհային ոստիկանությունում, ապա առաքիչ է եղել:
Ա. Դավթյանի շահերը դատարանում ներկայացնում է Վաղարշակ Գևորգյանը:
Գործով անցնող մյուս ամբաստանյալները Արտուշի գործընկերներն են՝ Լևոն Ակուլյանն ու Ղազար Ասատրյանը, նույնպես` առաքիչներ: Նրանք, սակայն, դատարանում հայտարարեցին, որ իրենց մեղավոր են ճանաչում: «Մեղավոր եմ ճանաչում, որ ուզել եմ լավ բան անեմ, չի ստացվել»,-հայտարարեց Ղազար Ասատրյանը: Լևոն Ակուլյանն էլ հայտնեց, որ ընդունում է մեղքը և զղջում կատարվածի համար: Երկուսն էլ հայտնեցին, որ չեն ցանկանում պաշտպան ունենալ:
Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ հակասություններ է առաջացել ամբաստանյալների շահերի միջև, քանի որ երկուսն իրենց մեղավոր են ճանաչել, այդ իսկ պատճառով դատարանը որոշում կայացրեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նրանց պաշտպան տրամադրելու խնդրանքով: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց մեկ այլ օր: