Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է: Նա դառնում է 60 տարեկան: Շնորհավորելով Բաբայանի տարեդարձը` ներկայացնում ենք Yerkir.am-ի հետ նրա` տարբեր ժամանակահատվածներում արված հարցազրույցներից հատվածներ:
***
Մենք ընտրել ենք այնպիսի քաղաքակրթական ուղղություն, որտեղ անցյալը նշանակություն չունի, որտեղ յուրաքանչյուր սերունդ գտնում է, որ պատմությունը սկսվում է իրենից:
Եթե մենք մարդուն հանում ենք մեր մշակույթից և արվեստից, կորցնում ենք ամեն ինչ: Բայց առանց մարդու պատմություն չկա, երկիր ու քաղաք չկա, մենք օտարում ենք մարդկանց մեր քաղաքից` մոռանալով, որ մարդն է ջերմություն տալիս միջավայրին: Մենք պետք է հասկանանք, որ մեր ամենամեծ արժեքը մարդն է, իսկ հզոր է այն երկիրը, որի համար ամենամեծ արժեքը մարդն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ անհատ է, հարցը գլխաքանակի մեջ չէ, երկիրը կառուցվում է անհատների վրա:
Հասարակությունն է, որ կարող է որևէ հարց լուծել, և ոչ թե պետք է օգնություն սպասել պետությունից, այլ ստիպել պետությանը, որովհետև պետությունը քո ձեռքի գործիքն է:
Իմ հույսը միայն քաղաքակիրթ հասարակությունն է, մենք պետք է կրթենք մեր հասարակությանը և փորձենք ձևավորել հասարակական պահանջներ, և ինչքան դա ավելի լավ մեզ հաջողվի, ինչքան հասարակությունն ավելի ակտիվ կլինի, այնքան նկատելի հաջողություններ կունենանք:
Ի վերջո, յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է գտնել մեր տեղն այս կյանքում, որտեղ մենք լավագույնս կարտահայտենք ինքներս մեզ: Քո տեղը գտնել, ժամանակի շունչը զգալ կարող ես միայն համեմատության մեջ, եթե անընդհատ միայն հայելու մեջ նայես, ապա, քեզնից բացի, ոչինչ չես տեսնի:
Մենք մի մեծ սխալ ենք կատարել` ուզում ենք, որ իշխանությունը լսի մտավորականին, բայց որևէ երկրում իշխանությունը մտավորականի հետ հաշվի չի նստում, նրանք հաշվի են նստում մեծամասնության հետ, ուստի` մտավորականը պետք է խոսի իր ժողովրդի հետ:
Տաղանդը մեծագույն պարտավորություն է, և նա քեզ սկսում է շատ ուժեղ պատժել, երբ չես կատարում այն, հանուն ինչի կոչված ես:
Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, մենք կամուրջներ կգցենք, երբ փորձենք հասկանալ դիմացինի ճշմարտությունը:
Կյանքը տված է, որ մենք անընդհատ աշխատենք դրա վրա և այն փոխենք: Եթե ասում են` ես նույնն եմ, ինչ 20 տարի առաջ, հեչ գլուխ գովալու բան չէ, բա այդքան կյանք ես ապրել, նոր մարդկանց հետ ծանոթացել, ոչինչ քեզ չի՞ տվել կյանքը: Ինքնակատարելագործվել է պետք:
Երբեք պետք չէ պարտադրել այս կամ այն արժեքը, պետք է ցույց տալ բոլոր ճանապարհները, և մարդն ինքը ընտրություն կկատարի: Մեծագույն արհեստը, որ տվել է Աստված մարդուն, ընտրելու հնարավորությունն է:
Վերջին տարիներին ինչքան էլ հուսահատություն քարոզվեց, միևնույն է, երիտասարդը չի կարող լինել հուսահատ, նա միշտ հույսով ու սպասելիքներով է ապրում, սիրտն ուրիշ ձև է բաբախում: Եվ երբ քո հուսահատությամբ փորձում ես այդ բաբախը կանգնեցնել, դու մեծ մեղք ես գործում:
Յուրաքանչյուր դժգոհության արդյունք պետք է լինի գործողություն:
Հիմա հաճախ են սկսել ամպագոռգոռ արտահայտություններ օտգագործել. սերն ընդհանրապես բղավոց չի սիրում: Չի կարելի ամեն վայրկյան խոսել հայրենիքի, ինչպես նաեւ մոր, երեխայի հանդեպ սիրո մասին: Դա այն սերն է, որը գործով է ապացուցվում:
Ազատ մարդ լինելուց լավ բան չկա: Ազատ մարդը նույնիսկ կյանքին է հեշտությամբ հրաժեշտ տալիս: Մենք տրամաբանությունից դուրս հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմում. հաղթեցինք, քանի որ ազատ էինք, մեր ազատությունը հաղթեց իրենց զենքին:
Մտավորական չեն ծնվում, դառնում են, իսկ արվեստագետ կարող է եւ ծնվեն: Չխառնենք մտավորկանն ու արվեստագետն իրար. հոյակապ է, երբ արվեստագետը մտավորական է, բայց պետք չէ յուրաքանչյուր արվետագետից պահանջել մտավորականի մոտեցում:
Մենք հավասարը հավասարի հետ պետք է խոսենք մյուս երկրների հետ, քանի որ ունենք այդ իրավունքը:
Պետությունն ասում է` եկեք մենք ձեզ պահենք. ես չեմ ուզում դուք ինձ պահեք, ես ուզում եմ ինձ ՀՀ քաղաքի զգալ, այս երկրի տերն ինձ զգալ:
Հայրենասիրություն բառն այնքան է օգտագործվել, որ արդեն իմաստազրկվել է. հայրենաշինությունն ավելի կարևոր է: