կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 17:05
Քաղաքական

Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի նախապայմանը իմաստազրկվել է, քանի որ ԱՄՆ-ը դա արդեն ճանաչել է․ թուրքագետ

Ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի նախապայմանը իմաստազրկվել է, քանի որ ԱՄՆ-ը դա արդեն ճանաչել է․ թուրքագետ

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, հավանաբար, կզարգանա, եթե անգամ Էրդողանը հեռանա պաշտոնից, քանի որ հաշտեցման գործընթացի նախաձեռնությունը անցել է ԱՄՆ-ին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

«Դա ռուսներն էլ են ընդունում։ Իսկ եթե այդ նախաձեռնությունը ոչ թե Բայդենի, այլ Պուտինի ձեռքում լիներ, ապա Թուրքիայում  նոր իշխանության եկող կառավարությունը, չի բացառվում որ վերանայեր գործընթացը և հայ-թուրքական հաշտեցում չլիներ»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Իր այս տեսակետը թուրքագետը հիմնավորում է, որ ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական Կուսակցությունը եթե հաղթի, ապա կոալիցիա կկազմի, իսկ այդ ուժերը քեմալականներ են և Պուտինի հանդեպ բարյացակամ չեն։ Բացի այս, ՀԺԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի նման Պուտինի հետ մութ գործարքների մեջ չի մտել՝ ասաց նա։

Հայ-թուրքական հաշտեցման համար Թուրքիայի առաջադրած նախապայմանները, Չաքրյանի համոզմամբ, արդեն իմաստազրկվել են։

«Առաջին նախապայմանը Հայոց ցեղասպանության մասին չհիշատակելն էր, բայց հիմա Թուրքիան չհիշատակելը նախապայման դնի՝ ի՞նչ անի, ԱՄՆ-ը արդեն ճանաչել է, Բայդենը որ ապրիլի 24-ին ասաց՝ «Ցեղասպանություն», դրանով, փաստորեն, վավերացրեց Կոնգեսի՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերը»,-համոզված է Հակոբ Չաքրյանը։

Նա համոզված է, որ ԱՄՆ-ը, քանի որ աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, եթե մի հայտարարություն անում է՝ պետք է հետամուտ լինի դրա իրականացմանը։

«ԱՄՆ-ը կարևոր է, որովհետև աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, որ եթե ընդունում է Ցեղասպանությունը՝ կամա թե ակամա հետևանքների վերացման որոշակի պատասխանատվությունն էլ ստանձնում է։ Սրանք լուրջ հարցեր են՝ դհոլով, զուռնայով չեն հայտարարվում։ Որպեսզի բարձրաձայնվի՝ միջազգային իրավիճակի առանձնահատկություններն էլ պետք է համապատասխան լինեն՝ Թուրքիան պետք է մասնատման շեմին կանգնած լինի։ Այդ ժամանակ, ենթադրենք, Սիրիայում ստեղծվի քրդական պետություն, կամ Իրաքի քրդական պետությունը անկախություն հռչակի՝ դա կոգևորի Թուրքիայի քուրդ բնակչությանը»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Հաջորդ նախապայմանը Սփյուռքի վրա ճնշում գործադրելն էր, որ «հակաթուրքական գործունեություն չծավալի»։ Հակոբ Չաքրյանն ասաց՝ դա էլ է կապված Ցեղասպանության հետ, քանի որ հակաթուրքական գործունեություն ո՞նց պիտի ծավալի՝ մեկը համայնք է, մյուսը՝ պետություն։

«Հիմա Սփյուռքը եթե պայքարելու լինի՝ պետք է պայքարի Ցեղասպանության հարցը միջազգայնացնելու համար, և միջազգայնորեն ճանաչված Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Բայց Հայոց ցեղասպանությունը ճանաչել են, էլ ո՞ւր պայքարի»,-ասաց թուրքագետը։

Հայ-թուրքական հաշտեցման համար Թուրքիայի առաջադրած մյուս նախապայմանը Արցախի ինքնորոշման հարցից հրաժարումն էր։ Թուրքագետի դիտարկմամբ, այս նախապայմանն էլ է արդեն իմաստազրկվել, քանի որ Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, արդեն լիարժեք չի գործում, Արցախը մասնատված է՝ Շուշին, Հադրութը տվել են Ադրբեջանին, մնացածն էլ դարձել է խաղաղապահ ռուսական ուժերի տեղակայման վայր։

Հայաստան-Թուրքիա սահմանը ճանաչելու նախապայմանը, նրա համոզմամբ, սահմանը չբացելու համար էին առաջադրում, որովհետև Հայաստանն այդ սահմանը ճանաչի, թե չճանաչի՝ այդ սահմանը, եթե գործում է, ուրեմն արդեն ճանաչված է։

«Այսինքն, այդ Կարսի պայմանագրով հաստատված սահմանը գործում է, չէ՞։ Ուրեմն էլ ի՞նչ ճանաչենք, հո չենք ներխուժելու Թուրքիա, Թուրքիան էլ դա շատ լավ գիտի՝ մենք այդ կարողությունը չունենք»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Բացի այդ, նշեց նա, եթե խոսքը սահմանը բացելու մասին է, ապա Թուրքիան ինքն է 1993 թ-ին փակել սահմանը, թող ինքն էլ բացի։

«1991-92-ին ինչո՞ւ չէր փակում, որովհետև հույս ուներ, որ Ադրբեջանը կհաղթի այդ պատերազմը, բայց հենց տեսավ, որ Ադրբեջանը չի հաղթելու, բռնեց՝ սահմանը փակեց, բայց մենք չենք փակել սահմանը, ինքն է փակել, ինքն էլ ուզում է՝ բացի, ուզում է՝ չբացի, մենք արդեն սովորել ենք 93 թ-ից փակ սահմաններում Թուրքիայի կողքին ապրել»,-ասաց Հակոբ Չաքրյանը։

Աննա Բալյան