Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՛չ ազգային, ո՛չ պետական
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարարը:
«Արժևորելով պետությունը, պետականությունը և պետական արժեքները՝ մենք առաջարկում ենք, որ օրենքում «ազգային» բառը փոխարինվի «պետական» բառով: Հիմնարկությունները՝ թատրոնները, դահլիճները, որոնք մինչև այս կրում էին ազգային բառը, կկրեն պետական բառը»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարը հավելեց. «Պետք է լինի պետական գործունեության հասկացություն: Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ: Օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում» (1):
Ո՜վ զարմանահրաշ բան, ո՜վ աբսուրդ, ո՜վ անհեթեթություն․․․
Ի՞նչ կլիներ, եթե ԿԳՄՍ նախարության պետականագիտական այս մոտեցումները կիրառվեին օրինակ Իռլանդիայի հանրապետությունում, ուր մշակութային պետական ութ հաստատությունից հինգի անվան մեջ առկա է «ազգային» բառը (2)։
Ի՞նչ կլիներ, եթե նման մի «հանճարեղ» նախագիծը ներկայացվեր Միացյալ Թագավորության օրենսդիր պալատ, որի թվով 38 պետական թանգարաններից 12-ի անվան մեջ նույնպես կա «ազգային» բառը (3)։
Ավելին՝ աշխարհի 60 պետությունից 51-ի պետական թատրոնների անվան մեջ գոյություն ունի «ազգային» բառը։ Սույն պետություններից մի քանիսը ունեն մեկից ավելի պետական թատրոն և այսպիսով տվյալ 60 պետության մեջ աշխատում է 100 պետական թատրոն, որից 84-ի անվան մեջ հստակորեն ամրագրված է «ազգային»-ը (4)։ Այդ երկրների պետական այրերը չգիտե՞ն, արդյոք․ «որ պետությունը բարձրագույն արժեք է»։
Նեոլիբերալ կոսմոպոլիտիզմով վարակված ՔՊ-ական վարչախումբը երեկ «իրական» Հայաստանը հակադրում էր «պատմական»-ին, իսկ այսօր «պետական» բառն է հակադրում «ազգային» բառին։
Այս պարադոքսալ կեղծ երկընտրանքից որևէ ուղղություն անխուսափելիորեն հանգեցնում է ե՛ւ ազգայինի, ե՛ւ պետականի բացառմանը և Հայաստանի ազգային պետականության իսպառ կործանմանը։
______________________________
1) տես՝ https://detq.info/web/ru/node/8397
2) տես՝ https://www.gov.ie/.../public.../03d30-cultural-institutions
3) տես՝ https://en.wikipedia.org/.../National_museums_of_the...
4) տես՝ https://en.wikipedia.org/wiki/List_of_national_theatres
Կարեն Խանլարի (Խանլարյան)
Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.),
տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու,
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակի» նախկին խմբագիր