կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 12:39
Մշակույթ

Հայրենասիրություն բառն այնքան է օգտագործվել, որ արդեն իմաստազրկվել է. հայրենաշինությունն ավելի կարևոր է

Հայրենասիրություն բառն այնքան է օգտագործվել, որ արդեն իմաստազրկվել է.  հայրենաշինությունն ավելի կարևոր է

Իշխանությունը քծնում է ժողովրդին, իսկ մտավորականը քծնելու կարիք չունի, ավելին` նա պետք է բժշկի նման նշի բոլոր այն հիվանդությունները, որոնք կան հասարակության մեջ. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Թե 2015-ին ի՞նչ կորցրեցինք ու շահեցինք, ըստ Բաբայանի` կորցրեցինք այն, ինչ չունեինք, որովհետև վստահության և հավատի պակաս մշտապես զգում ենք մեր կյանքում, այնպես որ` ասել, թե մենք հավատ կորցրեցինք, այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ այդ հավատը պետք էր ունենալ:

Տարվա ընթացքում, սակայն, նրա համոզմամբ, ունեցանք նաև կարևոր ձեռքբերումներ:

«Մենք հասարակական ակտիվ կյանք տեսանք և այդ կյանք ներգրավված երիտասարդների: Եթե, օրինակ, խոսենք հանրահավաքներից, ապա հանրահավաքների տարբերությունը զգում եմ զուտ վիզուալ. երբ հանրահավաքներում տեսնում ես երիտասարդների, հասկանում ես` դա ուղղված է ապագային, իսկ երբ տեսնում ես հանրահավաքներ, որտեղ միայն թոշակառուներն են կանգնած, այն արդեն ուղղված է անցյալին, ապագա չունի: Հասարակությունը սկսել է շատ ավելի մեծ տեղ տալ սեփական իրավունքներին, ավելի շատ է ընկալում իրեն որպես երկրի տեր, նա իշխանությանն ու ընդդիմությանն ընկալում է  որպես երկրի կառավարիչների, այլ ոչ թե տերերի»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ երբ  մտածողության մեջ նման փոփոխություն է կատարվում, դա նշանակում է, որ կփոխվի նաև կյանքը:

Ըստ նրա` հաճախ մենք պահանջում ենք, որ փոխվի մեր կյանքը, բայց սեփական մտածողությունն այդպես էլ չենք փոխում: «Փորձում ենք անցյալը բերել ներկա ու հետո էլ զարմանում, թե ինչու չաշխատեց: Մենք հիմա պետք է փնտրենք այն, ինչ միավորում է մեզ, ոչ թե ուշադրությունը սևեռենք նրա վրա, թե ինչ տարբերություններ կան մեր միջև, և փորձենք այդ տարբերությունները վերացնել: Պետք չէ նման բան անել` յուրաքանչյուրն անհատականություն է, և ամեն մեկս պետք է տարբերվենք մյուսից: Միևնույն ժամանակ, մեզ համար հենարան կարող է լինել այն, ինչ միացնում է մեզ»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչո՞ւ են որոշ մտավորականներ խուսափում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել այս կամ այն խնդրի վերաբերյալ, նա պատասխանեց, որ, իր կարծիքով, եթե հասարակությունը պահանջ ունի քեզ լսելու, դու պարտավոր ես խոսել: Մտավորականը, սակայն, Բաբայանի համոզմամբ, իրավունք չունի խոսելու իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ. սա է մեր գլխավոր խնդիրը:

«Մտավորականը մշտապես պետք է դժգոհ լինի այն վիճակից, որը կա: Իշխանությունը հաշվի է նստում միայն մեկ գործոնի հետ` քանակի, իսկ մտավորականի խնդիրը քանակը որակ դարձնելն է: Պետք չի վախենալ չհասկացված լինելուց, քանի որ եթե խոսքդ անկեղծ է, այն մշտապես գնահատվում է»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ հայրենասիրություն բառն այնքան է օգտագործվել, որ արդեն իմաստազրկվել է: Բաբայանի կարծիքով` հայրենաշինություն բառն ավելի կարևոր է: «Երբ մարդը չի կարողանում ինչ-որ օգուտ տալ իր երկրին, չի կարողանում ինչ-որ բան կառուցել, սկսում է դեմագոգիայով զբաղվել և հայրենասիրությունից խոսել»,- ասաց նա: