կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-14 12:07
Իրավական

ՀՀ 3 քաղաքացիների դաժան պատիժ է սպառնում. ի՞նչ կապ ունի Գևորգ Կոստանյանը

ՀՀ 3 քաղաքացիների դաժան պատիժ է սպառնում. ի՞նչ կապ ունի Գևորգ Կոստանյանը

Դուբայում Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիին սպանելու, նրան պատկանող գրասենյակից 1.700.000 ԱՄՆ դոլար արժողության ադամանդներ գողանալու, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու գործով մեղադրող դատախազը դաժան պատիժներ է առաջարկել: Այս կարծիքին է գործով ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Ա. Բարսեղյանն այս գործով կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալների՝ ազգականներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների ու Սեմյոն Եդիգարյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել:

Կարեն Հակոբյանն իր պաշտպանական ճառում ուշադրություն հրավիրեց ՀՀ պաշտոնատար անձանց կողմից այս գործով իրականացված խախտումներին: Մասնավորապես` արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից հանձնման վերաբերյալ պայմանագիրը խախտելը: Հակոբյանի խոսքով՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ ձեռք են բերվել սույն գործով նախաքննություն իրականացնելու պատշաճ սուբյեկտներ չհանդիսացող քննիչների, այդ թվում` նաև քրեական գործը վարույթ չընդունելու և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ապօրինի կերպով «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի պահանջներին հակառակ հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Դեռևս 2014-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված` ԱՄԷ-ից մաքսանենգությամբ, տարբեր գույների ադամանդներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, այն դեպքում, որ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված հոդվածով նախաքննությունը կատարելու պարտականություն սահմանվել է միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչների համար: Այսինքն` միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչներն են հանդիսացել նշված քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտներ, մինչդեռ, օրենքի պահանջի կոպիտ խախտմամբ, գործն անմիջապես չի ուղարկվել իրավասու քննչական մարմին»,- պաշտպանական ճառում ասաց Հակոբյանը:

Նշենք որ 2014-ի մարտի 13-ին ՀՀ այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշումներով` «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի համապատասխան հոդվածի պահանջներով` մերժվել է ամբաստանյալների հանձնումը: ՀՀ գլխավոր դատախազը սահմանված կարգով պահանջել է քրեական գործի նյութերը` քրեական հետապնդում իրականացնելու համար: Հետագայում, ըստ պաշտպանական կողմի, ՀՀ գլխավոր դատախազը, չկարողանալով դիվանագիտական ուղիներով կամ դատախազական փոխհամագործակցության շրջանակներում լուծել քրեական գործի վարույթը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցելու հարցը, փաստացի ԱՄԷ-ի իրավասու մարմինների անգործության՝ քրեական գործի նյութերը չուղարկելու պատճառով, ներպետական օրենսդրության և Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև «Հանձնման մասին» պայմանագրի պահանջների խախտմամբ, քրեական գործ է հարուցել:

Հակոբյանի խոսքով՝ ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքներն ամբողջությամբ ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի մեղադրանքի կրկնությունն են: Նշենք, որ երեք ամբաստանյալներն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում վերագրվող մեղադրանքներով իրենց մեղավոր չեն ճանաչել, օգտվելով իր դատավարական իրավունքներից` հրաժարվել են ցուցմունք տալ: Հովհաննես Մելքոնյանն իր ցուցմունքում հայտնել է, որ, 2013թ. սկսած, արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ էլ ծանոթացել է ադամանդների վաճառքով զբաղվող` ազգությամբ հնդիկ Վահիիրաբի (սպանվածը) հետ: Նրա համար գնորդներ է գտել և ադամանդների վաճառքից հետո նրանից գումար է ստացել:

2014թ. հունվարին, առանց իրեն նախօրոք տեղեկացնելու, զբոսնելու և հանգստանալու նպատակով Դուբայ ժամանելուց հետո զանգահարել է հորեղբոր որդին՝ Խոսրով Մելքոնյանը, և հայտնել, որ Սեմյոն Եդիգարյանի հետ ժամանել են Դուբայ: Դրանից հետո օգնել է նրանց իր հյուրանոցի մոտակայքում հյուրանոցային համար վարձակալել, որի համար վճարել են նրանք: Ինքը զբաղված է եղել իր գործերով, օրական 1 անգամ հանդիպել է նրանց հետ: Ինքը Սեմյոն Եդիգարյանի և Խոսրով Մելքոնյանի հետ Վահիիրաբի գրասենյակ չի գնացել, նրանք այնտեղ երբևէ չեն եղել, միմյանց չեն ճանաչել: 2014թ. հունվարի 20-ին կամ 21-ին Սեմյոն Եդիգարյանի և Խոսրով Մելքոնյանի հետ Դուբայ-Երևան ինքնաթիռի տոմս են գնել, յուրաքանչյուրը վճարել է իր տոմսի համար: Նույն օրը Վահիիրաբին տեղեկացրել է, որ Հայաստան է վերադառնում: 2014թ. հունվարի 22-ի երեկոյան իրեն զանգահարել է Վահիիրաբը, տեղեկացրել, որ ադամանդների նոր խմբաքանակ է բերել ու հրավիրել է` դրանք տեսնելու: Անմիջապես գնացել է Վահիիրաբի գրասենյակ, որտեղ, բացի Վահիիրաբից, ևս մեկ անծանոթ տղամարդ է եղել, որն ազգությամբ կա'մ հնդիկ էր, կա'մ պակիստանցի: Վահիիրաբն իրեն մաս-մաս 20-30 փաթեթ ադամանդներ է տվել` զննելու, այդ ընթացքում մատուցողը Վահիիրաբի պատվերով երկու կամ երեք անգամ սուրճ է մատուցել: Ինքը գրասենյակում մնացել է մոտ մեկ ժամ, և ամբողջ ընթացքում այնտեղ է եղել նաև անծանոթ տղամարդը: Վահիիրաբն իրեն առաջարկել է միասին Երևան քաղաքում ադամանդների վաճառքի գրասենյակ բացել, մեծ քանակությամբ ադամանդներ է տվել, որպեսզի դրանք իր հետ տեղափոխի Հայաստան, մինչև նա նույնպես գա Հայաստան` իր հետ բերելով ադամանդների վերաբերյալ փաստաթղթերը, և օրինական հիմունքներով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնեն: Ադամանդները վերցնելով` Վահիրաբին հրաժեշտ է տվել և հեռացել: Հասնելով հյուրանոց` ադամանդները լցրել է ճանապարհին գնած օճառահեղուկի տարաների մեջ, հավաքել է իրերը, զանգահարել Խոսրով Մելքոնյանին և Սեմյոն Եդիգարյանին ու միասին մեկնել են Հայաստան: Դուբայի օդանավակայանում մաքսավորներից թաքցրել է ադամանդների տեղափոխման փաստը: Ադամանդների մասին Խոսրով Մելքոնյանին և Սեմյոն Եդիգարյանին ոչինչ չի ասել` իր անվտանգությունից ելնելով:

Վահիիրաբի սպանության մասին տեղեկացել է ոստիկաններից, նրա սպանության հետ որևէ առնչություն չունի: Նշել է, որ Սեմյոն Եդիգարյանին երբևէ Դուբայ քաղաքից չի զանգահարել, որևէ մեկի Դուբայից գումար չի փոխանցել, ձեռքի վնասվածքներն էլ ստացել է Դուբայ քաղաքում ծովի ափին վայր ընկնելու հետևանքով: Իր հագուստի վրա Վահիիրաբ Սալոնկիի արյան հետքը հայտնաբերելու փաստի վերաբերյալ նշել է, որ երբ վերջինս օգնում էր ադամանդները պայուսակի մեջ դնել, արմունկով պատահաբար դիպել է նրա քթին և արյուն է եկել, հնարավոր է` այդ ժամանակ նրա արյունն ընկել է իր հագուստին:

Պաշտպանի խոսքով, սակայն, քննությամբ այդպես էլ չի հաստատվել, որ տուժողից մինչև դեպքը մեծ քանակի ադամանդներ ուզողները եղել են կոնկրետ ամբաստանյալները:

«Ի վերջո, ով, երբ և ինչպես է կատարել մեղադրանքներում նշված դերաբաշխումը, եթե նախապես պլանավորվել է հանցագործության կատարումը, կատարվել է դերաբաշխում, ապա ինչո՞վ է պայմանավորված վերագրվող հանցագործության հետքերը թաքցնելու համար ոչինչ չանելը, օրինակ՝ ձեռնոցներ չդնելը, դեպքի վայրում մեծաքանակ, այդպես էլ դատաքննության ընթացքում չհետազոտված հետքերի առկայությունը: Նմանապես` մեղադրանքի կողմը չի պարզաբանել` եթե նախապես պլանավորված է եղել ավազակության, սպանության և մաքսանենգության կատարումը կազմակերպված խմբի կողմից, ապա ինչպե՞ս կարող էին առանձնապես ծանր հանցանքը կազմակերպված խմբի կազմում կատարելու դեպքում խմբի անդամները թույլ տալ, որ հարձակման ժամանակ որևէ մասնակցի հագին եղած հագուստները վերցնեն իրենց հետ»,- հայտարարեց պաշտպանը:

Հակոբյանի խոսքով՝ դատակոչի ցուցակից հանվել և դատաքննության ընթացքում ընդհանրապես չեն հետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները: Բացի այդ` հրաժարվել են դատարան գալ և հարցաքննվել ԱՄԷ-ում ապրող տասնյակ վկաներ, ինչն էլ կասկածի տեղիք է տվել, թե իրականում նշված վկաները գոյություն ունեն: Քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորություն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաներ հետ:

Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալների պաշտպանական իրավունքների խախտման պատճառով ողջ դատաքննության ընթացքում նրանք և պաշտպանները փաստացի զրկվել են դեպքի վայրի զննությանը ծանոթանալու, այն վերլուծելու հնարավորությունից: Նա շեշտեց, որ իր պաշտպանյալին՝ Սեմյոն Եդիգարյանին վերագրվող մեղադրանքները շինծու են, և, որպես Եդիգարյանի պատիժը մեղմացնող հանգամանք, վկայակոչեց այն, որ նա խմամքի տակ ունի 2-րդ կարգի հաշմանդամ հայր:

Բացի այդ՝ ամբուլատոր դատահոգեբուժական եզրակացության համաձայն` Ս.Եդիգարյանի մոտ հայտնաբերվել է «Նևրասթենիա» ախտորոշմամբ նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարում: