կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 17:00
Առանց Կատեգորիա

Ի՞նչ կապ ունի եւ ինչի՞ հետ կապ ունի Սահմանադրությունը

Ի՞նչ կապ ունի եւ ինչի՞ հետ կապ ունի Սահմանադրությունը

Այսօր մեկնարկե է «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուն, որի մասնակիցները պարտավոր են բացատրել, թե Սահմանադրությունն ինչ է եւ ինչու է պետք այն փոխել: Քանի որ այդ շոուն դեռ նոր է մեկնարկել, մենք, անշուշտ, չենք կարող հստակ ասել, որ մարդիկ այդպես էլ չիմացան եւ չհասկացան Սահմանադրությունը փոխելու իմաստը: Բայց եթե այդ շոուն հենց այսպես պետք է շարունակվի, ապա, քանի դեռ այն չի ավարտվել, մեկական հուշում «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմնակիցներին:

Նախ` «Ոչ»-ի կողմնակիցներին. եթե ուզում եք, որ մարդիկ «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին, ապա պետք է նրանց կարողանաք բացատրել երկու բան:

ա/ Իրենց քաղաքից, գյուղից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը շատ էլ կարգին մարդ է եւ կիրթ պատգամավոր, գիշեր-ցերեկ մտահոգված է իր շրջանի մարդկանց կյանքով եւ ԱԺ-ում ամեն ինչ անում է, որպեսզի բարելավվի նրանց կյանքը: Պետք է նշել, որ սա անելը բավական բարդ է լինելու, քանի որ ցանկացած քաղաք-գյուղում հո լա՞վ են ճանաչում իրենցից մեծամասնականով ընտրված տղերքին եւ գիտեն նրանց ինտելեկտի չափը:

բ/ «Ոչ» ասողները նաեւ պետք է բացատրեն մարդկանց, որ նախագահը, անկախ նրա ով լինելուց, շատ կարեւոր եւ միշտ ճիշտ ֆիգուր է հայաստանյան քաղաքական կյանքում եւ պետականության մեջ, հետեւաբար` կործանարար կլինի, նաեւ` հանցագործություն, այդ ինստիտուտը, կարելի է ասել, վերացնելը: Ցավոք, «ոչ» ասողների համար այս մի կետն էլ մեր մարդկանց շատ դժվար է լինելու բացատրելը, քանի որ մենք հո լա՞վ գիտենք, որ մեր խնդիրների մեծ մասը հենց նրանից է, որ երկրում ամեն ինչ եւ ամեն բան եւ բոլորի փոխարեն որոշում է մեկ հոգի:

Ահա եւ այն հարցի պատասխանը, թե ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը եւ ինչի՞ հետ կապ ունի մեր կյանքը բարելավելու հարցում: Անշուշտ, եթե Սահմանադրությունը փոխվի, մենք չենք սկսելու Դուբայից բերված մեքենաներ քշել, առանձնատներ կառուցել, որտեղ էլ ամեն օր բացել լեփ-լեցուն սառնարանները, մենք անգամ չենք կարողանալու ամեն ամառ գնալ Ֆիջի կամ Փարիզ: Այսինքն` կոշկակարներն էլի կոշիկ են կարելու, վարսավիրներն էլի մազ են կտրելու, լույսի մարդիկ էլի գալու են… Չէ, այս մարդիկ էլ չեն գալու, բայց դա այլ պատմություն է եւ ոչ մի կապ չունի Սահմանադրության հետ: Ի դեպ, այդպիսի բազմաթիվ բաներ կան, օրինակ` Ղարաբաղի հարցը, օրինակ` Պուտինի կամքը, օրինակ` աֆրիկյան Բենինի հետ գիտակրթական կապերի հաստատումը կամ էլ, օրինակ, Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Բոլոր այս դեպքերում, անկախ գործող Սահմանադրությունից, անհրաժեշտ է միայն ցանկություն, ենթադրենք` վերարտադրվելու, իսկ նման բան ցանկացողներին աշխարհի բոլոր երկրների բոլոր սահմանադրությունները հնարավորություն տալիս են: Հարցն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ինչ-որ բան անել որոշողներն ավելի շատ են լինելու, ինչը նշանակում է, որ որոշումներ ընդունելիս ավելի քիչ է լինելու սխալվելու հավանականությունը:

Հենց սա էլ, այս մի կետը պետք է մեր մարդկանց բացատրեն «Այո»-ի կողմնակիցները: Այսինքն` երբ նրանց գյուղերից մեկում մոտենում է մի ծերունի եւ խնդրում «գյուղավարի» բացատրել, թե Սահմանադրությունն ինչո՞ւ պետք է փոխել, պետք է պատասխանեն. «Հայրի\'կ ջան, /սա պարտադիր է, հատկապես` «ջան»-ը/, այ տեսնում ես այն գերանը, որ գյուղամիջում ընկած է: Հիմա դու մենակ կարո՞ղ ես գնալ եւ վերցնել: Չես կարող, բայց գերանը վերցնել հնարավոր կլինի, եթե գյուղացիները քեզ օգնեն, դե, այսինքն, գյուղ կանգնի, գերան կկոտրի: Այ, Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի գյուղը կանգնի, ավելի ճիշտ, որ գյուղամիջում ընկած գերան չլինի»:

Հովիկ Աֆյան