կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 10:58
Իրավական

Ի՞նչ պատիժ է սպառնում ԱԺ շենքում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ անողին

Ի՞նչ պատիժ է սպառնում ԱԺ շենքում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ անողին

Սեպտեմբերի 2-ին Ազգային ժողովում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր հանգամանքներ են պարզվել: Մասնավորապես` քննչական մարմնին հայտնի է դարձել, թե որ հեռախոսահամարից է կեղծ ահազանգը ստացվել: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ նախաքննական մարմինը դիմել է համապատասխան բջջային օպերատորին` տվյալ համարից ստացված մուտքային և ելքային զանգերը ստուգելու նպատակով:

Նախնական տեղեկություններով՝ ահազանգողը տարեց կին է:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի 1-ին մասով (նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Շուրջ վեց ժամ տևած ստուգումների արդյունքում խորհրդարանի շենքում ռումբ չէր հայտնաբերվել:

Սեպտեմբերի 1-ին էլ տեղեկություն էր ստացվել, որ տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Ավելի ուշ պարզվեց, որ ահազանգն ինչ-որ մեկի չար կատակն էր: