Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը Yerkir.am-ի հետ զրույցում չհամաձայնեց տեսակետին, թե վերջին շրջանում Հանրապետականից հիասթափությունը մեծացել է: Ըստ մեր զրուցակցի՝ իրենց կուսակցության շանսերն իրական են, վստահության պակաս էլ չկա, քանի որ չկա կուսակցություն, որին ավելի շատ են վստահում:
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ից հիասթափված են անգամ նախկին պաշտոնյաները, հրաժեշտ տալով իրենց պաշտոններին` նրանք ընդդիմադիր կեցվածք են որդեգրում, Աճեմյանն արձագանքեց, որ քաղաքականության մեջ ընդունելի չեն նեղանալ, հիասթափություն և նման կատեգորիաները:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ վերջերս տարածած հայտարարությանը, որում նա տեղեկացնում էր, որ պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն, պատգամավորը նշեց, որ այդ տեքստից ինքը չի եզրակացրել, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր գործունեություն է ծավալելու: «Նրա որևէ կոնկրետ հայտարարության, որ ընդդիմադիր դաշտից է գործելու, ես չեմ հանդիպել: Նման ենթադրություն անել չեմ կարող, համարում եմ, որ ավելի լուրջ կլինի, եթե Սեյրան Օհանյանի` հայտ ներկայացնելուց հետո միայն խոսվի այդ մասին: Նրա տարածած տեքստից պարզ չէ դա»,- ասաց նա:
Պնդմանը, թե Օհանյանի տարածած տեքստից զգացվում է, որ նա «իշխանությունից և ՀՀԿ-ից թեքվել է այն կողմ», Աճեմյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանը դեռ չի թեքվել իշխանությունից այն կողմ, երբ հայտ կներկայացնի, կասի` ես ընդդիմություն եմ ներկայացնում, այն ժամանակ նոր կխոսենք: Մինչև կոնկրետ հայտարարությամբ հանդես չգա, գուշակություն պետք չէ անել, ամեն օր բան է փոխվում»:
Հարցին, թե չի՞ պակասել նաև հավատը վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ, հասարակության տրամադրվածությանը չի՞ փոխվել, պատգամավորը պատասխանեց. «Շատ քիչ ժամանակահատված է անցել, ինչ Կարեն Կարապետյանը եկել է, և ես հենց սկզբում էլ ասում էի, որ Կարապետյանն անձամբ է իր ելույթներում ասել, որ շատ արագ փոփոխություններ սպասել պետք չէ: Իսկ ինչ վերաբերում է հուսահատություններին, ես կարծում եմ, որ նախընտրական այս շրջանում դժվար է գնահատական տալ կառավարության գործունեությանը, որովհետև կառավարությունն էլ պետք է ներքաշված լինի նախըտրական պրոցեսների մեջ, և դա է պատճառը երևի, որ սպասելիքներն ավելի շատ են, քան տեսանելի արդյուքները»:
Աճեմյանը հավելեց, որ հասարակությունում խնդիրները շատ են, և շատ արագ փոփոխություններ սպասել պետք չէ: «Բայց վարչապետը և կառավարության անդաները կարծես ցանկություն ունեն որևէ բան փոխելու, և այդ փոփոխություններն ավելի շատ տեսանելի կարող են լինել ընտրություններից հետո»,- ասաց նա: