կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-26 13:00
Քաղաքական

Ընտրություններից հետո աշխատանքի կարգախոսը լինելու է հետևյալը. ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել. Կարեն Կարապետյան

Ընտրություններից հետո աշխատանքի կարգախոսը լինելու է հետևյալը. ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել. Կարեն Կարապետյան

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 25-ին հանդիպել է Կոտայքի մարզի Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Հարթավան համայնքների, ինչպես նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին:

«Մենք ներկայացրել ենք համալիր ծրագիր, որով պատասխանում ենք բոլոր մակրո հարցերին ու մարտահրավերներին, որոնք ծառացած են հանրության առջև: Վստահ եղեք, որ այդ ծրագիրը հավակնոտ է ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ ու մենք ունենք կամք և նպատակասլացություն՝ այն իրագործելու»,- ասել է Կարեն Կարապետյանը և անդրադարձել կառավարության վերջին վեց ամսվա գործունեությանը: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ այն, ինչ ծրագրվել էր գործադիրի կողմից, իրականացվել է և 2017-ը հայտարարվել է ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների և կայունացման տարի: «Մենք բոլոր ոլորտների խնդիրները գույքագրել ենք և եկել այն եզրակացության, որ ունենք արդյունավետության պակաս, ինչը դրդում է մեզ, որպեսզի փոփոխություններ ու բարեփոխումներ կատարենք: Մենք այս պահին թվայնացնում ենք կառավարման սուբյեկտները, մաքրվում ենք ավելորդ օղակներից և այդ գործընթացը ցույց է տալիս, որ կան լուծումներ, որոնք մեծ գումար ու ջանք չեն պահանջում, որպեսզի փոփոխություն կատարենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարման ոլորտում գործադիրն ամեն օր անցնում է ավելի ճկուն, արդյունավետ համակարգի. ներդրվել է այնպիսի համակարգ, որով կառավարության յուրաքանչյուր անդամ ունի անձնական պատասխանատվություն: Տարածքային կառավարման համակարգում ևս մեծածավալ փոփոխություններ են կատարվել, որոնց հասարակությունն ականատես կլինի մոտ ժամանակներս: «Առաջին անգամ ներդրել ենք համայնքների զարգացման հնգամյա ծրագիր, առանց որի համոզված ենք, որ քայլ առաջ անել հնարավոր չէ: Անընդհատ լոկալ խնդիրներ կլուծենք: Կառավարման համակարգում անում ենք ամեն ինչ, որպեսզի քաղաքացին նվազագույնը շփվի պետական ծառայողի հետ. 140 ծառայություններից 67-ն արդեն իսկ քաղաքացին կարող է ստանալ մասնավորի միջոցով՝ առանց հերթի, քաշքուկների ու այլ դժվարությունների: Սկզբունքային ու լայնածավալ բարեփոխումներ ենք սկսել հարկային, մաքսային համակարգում»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տնտեսական դաշտում բարեփոխումները վերաբերում են բացառապես բոլոր ոլորտներին:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ մասնավոր կապիտալի հիման վրա արդեն իսկ ստեղծվել է չորրորդ հիմնադրամը, որով մեր երկիր կներգրավվեն ներդրումներ ու էժան միջոցներ: «Սոցիալական ոլորտում բարեփոխումները հիմնականում վերաբերում են առողջապահությանն ու սոցիալական համակարգին: Հիմնական թեզը հետևյալն է. նույն գումարով ծառայությունն ու օգնությունը դարձնել ավելի հասցեական ու թիրախային, նույն միջոցների հաշվին օգտատերերի թիվն ընդլայնել ու ծառայությունների որակը բարձրացնել: 2017-ի առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք սեփական եկամուտների 10,6 տոկոսի աճ, որի մի մասը ստվերի կրճատման արդյունք է: Արձանագրվել է արդյունաբերության 16,1 տոկոսի աճ, այդ թվում՝ 107 տոկոսի՝ հանքարդյունաբերության, 109՝ գյուղատնտեսության, 130՝ մետալուրգիայի, 130՝ ՏՏ ոլորտի, ավելի քան 300 տոկոս՝ ոսկեգործության, 20 տոկոսից ավելի՝ արտահանման աճ և այլն: Շատ բնական է, որ ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե որտեղ են այդ թվերը, եթե մենք մեր կյանքի վրա փոփոխություն չենք զգում: Սիրելի ժողովուրդ, պետք է անցնենք մի շրջան, երբ այս բերված թվերը կհանգեցնեն այն բանին ,որ կամաց-կամաց կհասնենք մի կետի, որից հետո մեր կյանքի որակը փոխվելու է»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ կառավարությունը նախատեսում է 3,2 միլիրարդ դոլարի ծրագրեր, որոնցից 840 միլիոնը՝ 2017-ի համար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ավելացրել է, որ Արագածոտնի մարզում այս տարի ակնկալվում է 44 մլն դոլարի 23 ծրագիր՝ առնվազն 1000 աշխատատեղով: ՀՀ վարչապետի խոսքով, սա այն սկզիբն է, որը բերելու է կայունացման: «Վստահ ենք, որ բոլոր այս ծրագրերը կատարելու ենք, ավելին, մեր կառավարությունը թափ է հավաքել և եթե այն շարունակի իր աշխատանքը՝ ընտրություններից հետո մեր աշխատանքի կարգախոսը լինելու է հետևյալը. ամեն օր մի բան փոխել, ամեն օր մի բան լավացնել: Շատ լավ հասկանում ենք ուր պետք է գնանք, որովհետև ներկայացրել ենք տեսլական, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել: Միաժամանակ, չենք բացառում, որ այս բարեփոխումները կարող են հանդիպել դիմադրության, այդ դեպքում դրևսորելու ենք կոշտություն, եթե այն դիմադրությունը խանգարելու է մեր երկրի զարգացմանը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ մեր հիմնական կապիտալը մարդն է և կառավարությունը հասարակությունից ակնկալում է ոչ միայն աջակցություն ընտրությունների ժամանակ, այլ նաև հետագայում՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անհանդուրժողականությամբ խնդիրների ու անարդարադության նկատմամբ: Կարեն Կարապետյանի խոսքով, ՀՀԿ ծրագիրը մրցակիցների ծրագրերից տարբերվում է ոչ լոզունգային ձևակերպումներով, կոնկրետ թիրախներով ու հորիզոններով, նաև բանաձևով, թե ինչպես է այն իրականացվելու: «Կոչ եմ անում ապրիլի 2-ին անպայման արտահայտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը: Բոլոր ծրագրերն ուսումնասիրեք, մտածեք՝ ում եք վստահում, ում կարող եք լիազորել, որպեսզի ապահովի ձեր երեխայի կրթությունը, ձեր շահերը ներկայացնի արտերկրում, բանակում կարգ ու կանոն հաստատի, արդարադատության խնդիրները կարգավորի, առողջապահության ոլորտում բարեփոխում անի: Եվ եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, վստահեցնում եմ, որ մշտապես գալու ենք և ձեզ հաշվետվություն ներկայացնենք, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: