կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 12:21
Քաղաքական

Եթե ոչ մի բան չի փոխվում, վարչապետն ինչո՞ւ պետք է փոխվեր

Եթե ոչ մի բան չի փոխվում, վարչապետն ինչո՞ւ պետք է փոխվեր

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։ Շատերի նման «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի համար եւս այս որոշումը սպասելի էր:

 

«Երբ իշխանությունը չի ցանկանում փոփոխություններ իրականացնել, բնականաբար, ամեն ինչ թողնում է նույն ձեւով` ոչ միայն ծրագրերը, քայլերը, նաեւ մարդկանց, ուստի Տիգրան Սարգսյանի նշանակումն այս համատեքստում ամբողջովին տեղավորվում է: Ըստ էության` սա ցույց է տալիս, որ ներկայումս իշխանությունները ցանկանում են իրականացնել այն քաղաքականությունը, որն իրականացրել են տարիներ շարունակ, եւ որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, 200 հազար մարդ արտագաղթել է: Նմանատիպ քայլերով նորից շարունակել կառավարել` նշանակում է արտագաղթի ավելացում: 7 տոկոս տնտեսական աճը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ եկամուտների բաշխման այն համակարգը, որ այսօր Հայաստանում կա, ըստ էության, թույլ չի տալիս անգամ մինչեւ 10 տոկոս տնտեսական աճի պայմաններում մեր քաղաքացիներին ինչ-որ մասնաբաժին հասցնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա կարծում է, որ եկամուտների բաշխման կառավարման համակարգն է պետք փոխել մեր երկրում, ամեն տարի 10 տոկոսից ավելի տնտեսական աճ արձանագրել: Մարտիրոսյանը վստահ է, որ իշխանությունները երկրում որեւէ բան փոխելու ցանկություն չունեն, ընդամենը ռեսուրսի վերաբաշխման հարց կարող են լուծելու: Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունում կան մարդիկ, ովքեր գիտակցում են երկրի առջեւ ծառացած խնդիրները, բայց, մյուս կողմից, նշեց, որ այդ մարդիկ որոշում կայացնողներ չեն:

 

Դիտարկմանը, թե զարգացումները հուշում էին, որ Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում, Մարտիրոսյանը հակադարձեց. «Եթե ոչ մի բան չի փոխվում, վարչապետն ինչո՞ւ պետք է փոխվեր»: