Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Ի՞նչ է նշանակում` «ամեն բան լավ է լինելու» պնդումը: Նախեւառաջ այն, որ հիմա ամեն բան լավ չէ: Օրինակ` Հայաստանում աղիքային հիվանդություններն աճել են 47,6 տոկոսով, ինչը նշանակում է, որ մեզանից շատերը լավ չեն սնվում, իսկ քչերն էլ շատ են սնվում:
Ես չգիտեմ, թե ի՞նչ կապ ունի աղիքային հիվանդությունների աճը արտագաղթի տոկոսի աճի հետ, բայց վստահ եմ, որ շատերն արտագաղթում են, որովհետեւ ցանկանում են լավ սնվել: Ընդ որում` սնվել գործողությունը պետք չէ ընկալել որպես վիրավորանք, քանի որ բոլորս էլ, խոսքը մեր մեջ, ցանկանում ենք լավ սնվել: Ոմանց մոտ հաջողվում է, քչերի մոտ այստեղ է հաջողվում: Հենց այդ պատճառով էլ շատերն ուզում են գնալ այստեղից, հա, այստեղը մեր երկիրն է, որից մենք երկու հատ ունենք, ի տարբերություն, օրինակ` ամերիկացիների:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի 70-րդ գագաթաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց. «Երկրների հզորությունը որոշվում է բնակչության բարեկեցության մակարդակով»: Այսինքն` որքան բարեկեցիկ է տվյալ երկրի բնակչությունը, այնքան հզոր է տվյալ երկիրը: Ճիշտ է, Օբամայի այս խոսքերից հետո, օրինակ, նորվեգացիները կարող են իրենց երկիրը ԱՄՆ-ից ավելի հզոր համարել, բայց դա այլ խոսակցության թեմա է: Կարեւորն այստեղ երկրի հզորության բանաձեւն է:
Եթե մենք ուզում ենք, որ ամեն բան լավ լինի, պետք է բարեկեցիկ ապրենք, այսինքն` լավ սնվենք, իսկ սնվելիս ուտենք այն, ինչը ուզում ենք, ոչ թե այն, ինչը ստիպված ենք: Այս կապակցությամբ մի պատմություն կա. ամեն օր վերմիշելի փլավ ուտող ընտանիքում փոքրիկ տղան հարցնում է հորը. «Պա\'պ, ինչո՞ւ ենք մենք ամեն օր վերմիշել ուտում, իսկ հարեւան Գեղամ ձյաձյայենք` միս»: Հայրը պատասխանում է. «Որովհետեւ Գեղամ ձյաձյայենք վերմիշել չունեն»: Սա եւս բանաձեւ է, երբ կարողանում ես ստիպված կատարած գործողությունդ ներկայացնել որպես քո իսկ կողմից ընտրված գործողություն:
Հիմա մենք ունենք երկու տարբերակ` կա\'մ կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչն ուրիշները ունեն, իսկ մենք` ոչ, կա\'մ կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչը մենք ունենք, ուրիշները` ոչ: Եթե ընտրում ենք առաջին տարբերակը, ապա ամեն բան լավ է լինելու, իսկ եթե երկրորդը, ուրեմն ամեն բան արդեն լավ է:
Բայց մի խնդիր կա, պետք է գտնել գոնե մեկ բան, ինչը մենք ունենք, իսկ ուրիշները` ոչ, բացի, իհարկե Ցեղասպանությունից, չնայած դա էլ միայն մերը չէ: Կա՞, արդյոք, այդպիսի բան, եւ մի՞թե հենց նման բան չունենալը չի ապացուցում, որ ամեն բան լավ չէ: Բայց, իհարկե, ամեն բան լավ է լինելու... հեռուստացույցով են ասում:
Հովիկ Աֆյան