Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից անցել է երկու տարի: 2015թ. հունվարի 12-ի գիշերը իրենց տանը՝ հենց անկողնում, գնդակահարվեցին ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, նրա կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, ընտանիքի հարսը՝ Արաքս Ավետիսյանը, վերջիններիս մանկահասակ երեխան՝ երկու տարեկան Աիդա Ավետիսյանը: Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով ստացել էր սվինի բազմաթիվ հարվածներ, մահացավ 7 օր անց հիվանդանոցում:
Սպանությունը կատարելու համար պատասխանատվության ենթարկված միակ անձը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նա նախորդ տարվա օգոստոսի 23-ին մեղավոր ճանաչվեց առանձնակի դաժանությամբ կատարած սպանության մեջ՝ զուգորդված ավազակությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու համար և դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ռուսական ռազմաբազայի տարածքում կայացրած վճիռը՝ մերժելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած բողոքները: Չնայած տուժող կողմի ներկայացուցիչների պնդմանը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին այդպես էլ չհաջողվեց Պերմյակովին ներկայացնել վերաքննիչ դատարան, այլ կերպ ասած՝ նրան հանել ռուսական ռազմաբազայի տարածքից:
ՌԴ և ՀՀ իրավասու մարմիններից որևէ մեկը մինչ օրս չի հայտնել, թե որտեղ է իր պատիժը կրելու ռուս զինծառայողը: Թեև նախաքննության ու դատաքննության ընթացքում բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվել` սպանության շարժառիթների հետ կապված, սակայն այդպես էլ մինչ օրս մութ է մնում սպանության իրական շարժառիթը: