Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրացավ ազատամարտիկ, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից, նույն գյուղի երկարամյա ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության յոթերորդ տարելիցը։ Սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ տարվող քննության ընթացքի և ընթացիկ արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
-Հրաչ Մուրադյանի սպանության հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել։ Մեկ տարի առաջ ՀՅԴ-ն Գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա իրականցրեց՝ պահանջելով սպանության գործը
վերստին դարձնել քննության առարկա և բացահայտել այն՝ իր ամբողջության մեջ, ի՞նչպիսի արձագանք կամ արդյունք եղավ։
- Ինչպես նշեցիք՝ մենք մեկ տարի առաջ այս օրը Գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպել էինք բողոքի ակցիա՝ պահանջելով գործի վերաքննությունը, քանի որ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությունը կասեցվել էր։ Հենց նույն օրը մենք հանդիպում ունեցանք Գլխավոր դատախազի հետ, ներկայացրինք մեր պահանջները, որից անմիջապես հետո գործի քննությունը վերսկսվեց։
Անցել է մեկ տարի, և մենք կարող ենք ցավով արձանագրել, որ էական առաջընթաց չկա։ Մենք անցնող մեկ տարվա ընթացքում շուրջ չորս անգամ հանդիպել ենք հանրապետության Գլխավոր դատախազի հետ, մոտիկից ծանոթացել ենք գործի քննության ընթացքին, տեղեկացել ենք այն քայլերի մասին, որոնք իրականացվում են գործը բացահայտելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, նորից եմ կրկնում, պետք է Հրաչ Մուրադյանի սպանության հերթական տարելիցի այս օրը ցավով արձանագրենք, որ ցանկալի տեղաշարժեր դեռևս չկան։
-Այժմ ի՞նչ փուլում է գործի քննությունը։ Ինչպիսի՞ն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայիս գնահատականը՝ սպանության գործի արդար դատաքննության վերաբերյալ։
- Պատկան մարմինները մեզ հավաստիացնում են, որ աշխատանք տարվում է, և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի սպանության հանգամանքները բացահայտվեն։ Բայց այդ հավաստիացումները, բնականաբար, մեզ այլևս չեն բավարարում. մեզ այլևս հետարքրքում են կոնկրետ արդյունքները, այն է՝ գործի արադարացի բացահայտումը։ Մենք տարիներ շարունակ՝ և՛ նախկինում, և՛ հիմա, լսում ենք այդ հավաստիացումները, որ ամեն ինչ արվում է ըստ պատշաճի, բայց փաստը մնում է փաստ, որ սպանությունից անցել է արդեն 7 տարի, բայց գործը բացահայտված չէ։ Եվ մենք խորապես վրդովված ենք այս իրավիճակից։
- Ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ։
- Մենք մեզանից կախված հնարավոր ամենն անելու ենք, բայց խնդիրը իրավապահների տիրույթում է, և նրանք պետք է ցույց տան չափելի և տեսանելի արդյունք։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ լինել հետամուտ, հետևողական և իրավապահ մարմինների ուշադրությունը մշտապես պահելու ենք Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման խնդրի վրա, խնդիր, որի արդարացի հանգուցալուծումը պատվաբեր կարող է լինել ուզածդ երկրի արդարադատության համար։
Ի վերջո՝ չպետք է մոռանանք, որ օրը ցերեկով տեղի է ունեցել նողկալի ոճրագործություն, և անհասկանալի ու տարօրինակ պայմաններում իր հայրենի գյուղի աշխատավայրի առջև սպանվել է նվիրյալ գյուղապետ, Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած ազատամարտիկ, ազնվագույն քաղաքացի, ընտանիքի հայր։ Եվ այսպիսի ոճրագործության բացահայտումը ունի և՛ իրավական, և՛ բարոյական նշանակություն։ Հրաչ Մուրադյանի սպանության գործի արդարացի բացահայտումը, հիրավի, պետք է լինի ոչ միայն Դաշնակցության խնդիրը, այլև յուրաքանչյուր հայի։ Հրաչ Մուրադյանն իր զինակից ընկերների հետ մարտնչել է հանուն մեր բոլորիս հայրենիքի, հանուն յուրաքանչյուր հայի պատվի, ազատության և արժանապատիվ կյանքի համար։