կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 10:19
Հասարակություն

Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 4 տարի

Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 4 տարի

Ազատամարտիկ, Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 4 տարի:

Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Գամշլիում (Սիրիա)։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր: 1989թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։

1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանիցմինչև Ֆիզուլի։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։

«Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել - ասում էր Հրաչ Մուրադյանը։

Հիշեցնենք, որ 2013-ի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները:

Հաջորդ օրը Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց Հ, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվեց` այս անգամ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրա նկատմամբ նույնպես մեղադրանք առաջադրվեց: Այս գործով Արտակը դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց:

Իսկ Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրության:

Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում, ինչը թույլ է տալիս մտածել, որ հանցագործության բացահայտումը գուցե եւ միտումնավոր սխալ ուղղությամբ է տարվել՝ գործը փակուղի մտցնելու նպատակով: