Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատամարտիկ, Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է 5 տարի:
Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին Գամշլիում (Սիրիա)։ 1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր: 1989-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկը։
1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի` Կարոտի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։
«Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել»,- ասում էր Հրաչ Մուրադյանը։
2013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվեց Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Հաջորդ օրը Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվեց, այս անգամ` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրա նկատմամբ նույնպես մեղադրանք առաջադրվեց: Այս գործով Պետրոսյանը դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց: Իսկ Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:
Պռոշյանի համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: Առ այսօր գործով այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում, ինչը թույլ է տալիս մտածել, որ հանցագործության բացահայտումը գուցե եւ միտումնավոր սխալ ուղղությամբ է տարվել՝ գործը փակուղի մտցնելու նպատակով: