կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 20:03
Առանց Կատեգորիա

ՀԱՊԿ-ը մեռած է Հայաստանի համար. Վիգեն Սարգսյանի ակնարկը

ՀԱՊԿ-ը մեռած է Հայաստանի համար. Վիգեն Սարգսյանի ակնարկը

Այս շաբաթ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցեր կատարեց Հունաստան և Վրաստան, որոնք մնացին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ստվերում: Մինչդեռ դրանք ուշագրավ էին` պարունակած ենթատեքստային ուղերձների և շեշտադրումների տեսանկյունից:

Նախ` հարկ է նկատել, որ թե՛ Աթենքում և թե՛ Թբիլիսիում Սարգսյանին ընդունեցին պաշտոնական այցի արարողակարգի ամենաբարձր մակարդակով: Դա առաջին հերթին խոսում է Հունաստանի և Վրաստանի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ ներկայիս հարգալից, գործընկերային վերաբերմունքի և ռազմաքաղաքական պլանում Երևանի հետ փոխգործակցությունը խորացնելու, Վրաստանի պարագայում՝ առնվազն միմյանց հասկանալու ձգտման մասին:

Հունաստանում նախարար Սարգսյանին ընդունել է պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը՝ բանակցություններ ունենալով ինչպես պատվիրակությունների ընդլայնված կազմերով, այնպես էլ առանձնազրույցի ձևաչափով: Բայց Սարգսյանի հետ հանդիպել է նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Դա, իհարկե, զուտ արարողակարգային հանդիպում է եղել. Հունաստանը խորհրդարանական երկիր է: Սակայն դրանով հունական կողմն ամեն դեպքում ընդգծել է իր կողմից Հայաստանին հատկացվող տարածաշրջանային մեծ նշանակությունը:

Վրաստանում Սարգսյանը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ, ստորագրվել է երկու գերատեսչությունների միջև համագործակցության` 2017թ. ծրագիրը: Սակայն, դրանից բացի, ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել են խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն և, որ շատ ավելի էական է, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Պաշտպանության նախարարի նմանատիպ այցերի պարագայում չի կարելի խոսել հրապարակային որոշակի արդյունքների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որպես կանոն` դրանց մասին կողմերն աշխատում են որքան հնարավոր է քիչ խոսել, եթե, իհարկե, այցերն արարողակարգային չեն: Իսկ Վիգեն Սարգսյանի այս երկու այցերը ոչ մի դեպքում հնարավոր չէ արարողակարգային համարել:

Նախևառաջ` դրանք ցույց են տալիս, թե ռազմաքաղաքական ինչ հետաքրքրություններ ունի Հայաստանը, և այդ հետաքրքրությունները հընթացս ինչ տրանսֆորմացիաների են ենթարկվում: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Վիգեն Սարգսյանը Ռուսաստանից հետո, փաստորեն, երկրորդ և երրորդ արտերկրյա այցերը կատարեց Հունաստան և Վրաստան: Այս հերթականությունը ցույց է տալիս Հայաստանի արտաքին ռազմական-քաղաքական առաջնահերթությունները: Առաջին էական հանգամանքը, որ ի հայտ է բերում այցերի այս հաջորդականությունը, այն է, որ Ռուսաստանից հետո Հայաստանի համար ստրատեգիական հիմնական ուղղությունը, առանձին վերցրած, Հունաստանի և, նրանով միջնորդավորված, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումն է: Հունաստանը հանդես է գալիս Հայաստանի ոչ ֆորմալ բնական դաշնակցի դերում, լրջագույն աջակցություն է ցուցաբերում հայկական բանակին սպայակազմի պատրաստման և վերաորակավորման ոլորտում: Այն միաժամանակ ՆԱՏՕ-ի հետ քողարկված հարաբերությունների միջնորդ է, որի միջոցով Հայաստանը հասու է դառնում Հյուսիսատլանտյան դաշինքի փորձին, ստանում համապատասխան ինֆորմացիա՝ բանակի արդիականացման ուղությունների, մեթոդաբանության, տեխնոլոգիական զարգացման  համատեքստում: Այս միջանցքը թույլ է տալիս Ռուսաստանից ռազմական և ռազմատեխնիկական կախվածության պայմաններում չկորցնել թելերը ՆԱՏՕ-ի հետ, ինչ-որ չափով բալանսավորել այդ երկու` ըստ էության հակամարտող կողմերի միջև իր դիրքն ու շահերը և ՆԱՏՕ-ին ավելի հասկանալի դարձնել իր` իսկապես առանձնահատուկ կարգավիճակն ու որոշումների շարժառիթները:

Վրաստանի պարագայում, իհարկե, հնարավոր չէ անտեսել ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու` այդ երկրի անշեղ քաղաքականությունը, որը երկու հարևան երկրներին դնում է հակադիր աշխարհաքաղաքական վեկտորների վրա: Ըստ այդմ՝ Վրաստանի պարագայում հիմնական խնդիրը բաժանարարների այդ առանցքի վրա տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումն է:

Վրաստանը մտահոգված է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման պրոցեսով և համատեղ ՀՕՊ համակարգի ու միացյալ զորախմբի ստեղծմամբ, ՌԴ ԶՈՒ-ին Հայաստանի զինված ուժերի՝ գնալով ավելի խորացող ինտեգրմամբ: Թբիլիսիում մտավախություն կա, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ կամ տրամադրել Ռուսաստանին Վրաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ինտերվենցիայի համար: Թբիլիսին կցանկանար Երևանից հստակ երաշխիքներ ստանալ, որ նման բան տեղի չի ունենա:

Իր հերթին Հայաստանին մտահոգում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Վրաստանի ռազմաքաղաքական հարաբերությունների ավելի ու ավելի խորացումը, այդ երկու երկրների զինված ուժերի հետ համատեղ երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերի իրականացումը: Վրաստանը հիմա լուրջ պլատֆորմ է ապահովում երեք երկրների համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև Ադրբեջանի պարագայում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգերի զարգացման համար: Եվ Երևանն ավելի քան շահագրգռված է, որ Վրաստանը չդառնա թուրք-ադրբեջանական տանդեմի գերին, որոնք, շահագործելով Ռուսաստանից նրա երկյուղները, փորձում են Վրաստանը ներգրավել նաև Հայաստանի դեմ լուրջ ռազմաքաղաքական եռանկյունում:

Առանց այս խնդիրների շուրջ բաց և անկեղծ խոսելու, առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ փոխադարձ երաշխիքների դաշտը ձևավորելու, հնարավոր չի լինելու խոսել տևական կայունության մասին. Երևանն ու Թբիլիսին շատ արագ կարող են ներգրավվել անցանկալի կոնֆրոնտացիայի մեջ, ինչը ոչ մեկին է ձեռնտու, ոչ էլ` մյուսին: Եվ ողջունելի է, որ Վրաստանի իշխանությունները տալիս են այս իրողությունները խորապես ըմբռնելու ազդակներ:

Վիգեն Սարգսյանի այս այցերը պարունակում էին ևս մեկ կարևոր թաքնված ուղերձ: Դրանք ցույց տվեցին, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, գոյություն չունի` որպես անվտանգության համակարգի բաղադրիչ: Հայաստանը շեշտը դնում է Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափի և, դրան զուգահեռ, իր հիմնական արևմտյան գործընկերների հետ սերտ գործակցության վրա: Սա կարևոր ամրագրում է մոտ մեկ ամիս առաջ Բաքվում ԼՂ հարցի շրջանակներում ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահի կողմից արված ընդգծված հակահայկական ռևերանսների, նաև ընդամենը օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ֆոնին:

Գևորգ Դարբինյան