կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 16:20
Քաղաքական

Մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել. նախագահ Սարգսյանի ակնարկը՝ Ալիեւին

Մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել. նախագահ Սարգսյանի ակնարկը՝ Ալիեւին

Արդեն տեղեկացրել ենք, որ Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին եւ դասախոսությամբ հանդես եկել: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Դասախոսության այդ հատվածը` ստորև:

«Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:
Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք:

Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները: 

Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է: 

Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:

Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան: 

Հարգելի՛ ունկնդիրներ,

Պատմության ընթացքում և նոր ժամանակաշրջանում մենք դիմակայել ենք ամենաանհավատալի պայմաններում և շարունակել ենք մեր ընթացքը: Պատերազմի սկզբնական շրջանում մի արտասահմանցի ինձ հարցրեց՝ իսկ ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Պատասխանեցի, որ մենք շատ բարեկամներ ունենք, բայց բացի ինքներս մեզնից և Տեր Աստծուց, ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չենք դնում:

Այդ վստահությամբ մենք այսօր էլ շարունակում ենք կառուցել ժամանակակից պետություն, որը լինելու է ամուր և մրցունակ, ունենալու է բարձր տեխնոլոգիաներով և գերարդիական սպառազինությամբ զինված բանակ: Եվ դուք հատուկ դերակատարում ունեք այս տեսլականը կյանքի կոչելու գործում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ գիտակցեք՝ այն ժամանակը, որ հատկացնում եք գիտելիք ձեռք բերելուն՝ ամենակարևոր ժամանակահատվածն է մարդու համար, և այդ ժամանակահատվածը պետք է արդյունավետ օգտագործել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է գիտելիք մատուցողի որակը. ես այստեղ որևէ վատ բան չեմ ուզում որևէ մեկին ասել: Բայց դա ժամանակ է, որ դուք պետք է գիտելիք կուտակեք: Առանց գիտելիքի՝ չկա առաջընթաց:

Շնորհակալ եմ ուշադրության համար և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»: